Բավ է պառակտվել
22-10-2018 17:04

Փաշինյան․Հայաստանի ժողովուրդը կրկին պետք է ասի իր խոսքը դավադրության դեպքում

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական դաշտում հնարավոր դավադրության դեպքում ժողովուրդը ստիպված կլինի նորից ասել իր խոսքը:

Ֆեյսբուքյան իր էջից ուղիղ հեռարձակման ընթացքում Փաշինյանը նշել է, որ ներկայումս տեսականորեն կարող է դավադրություն լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձախողման նպատակով, սակայն, ըստ ներկայիս սահմանադրության, Ազգային ժողովի լուծարման այլ ձև պարզապես գոյություն չունի։

“Կարելի էր գնալ սահմանադրական փոփոխությունների ընդունմանը, որոնք թույլ կտային խորհրդարանն լուծարել առանց վարչապետի հրաժարականի: Նման սցենար կար, բայց, անկեղծ ասած, որոշեցինք չգնալ այդ ճանապարհով: Ես հասկացա, որ մեկնաբանություններ են հնարավոր այն համատեքստում , որ ես, իբր, հեղափոխության արդյունքում հասել եմ վարչապետի պաշտոնին, երկու ձեռքերով կառչել եմ այդ աթոռից, և ոչ մի կերպ չեմ ուզում բաժանվել դրանից: Ես չէի կարող թույլ տալ, որ նման գայթակղություններ և մեր շարժառիթների հետ չհամընկնող մեկնաբանությունների հիմքեր առաջանան”, - բացատրել է նա։

Այս առնչությամբ Փաշինյանը շեշտել է, որ եթե որևէ մեկը հանկարծ փորձի այս ճանապարհով գնալ և որևէ դավադրություն կազմակերպի, թեև բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ չեն անի դա՝ ժողովուրդը ստիպված կլինի նորից ասել իր խոսքը:

“Կրկին ստիպված եմ լինելու դիմել ձեզ կոչով, խնդրանքով, առաջարկով, որ մենք նորից հավաքվենք և ասենք մեր խոսքը: Եթե ժողովուրդն ասի իր խոսքը, ես, իհարկե, կշարունակեմ ինձ համարել ժողովրդի կամքի իրականացման երաշխավորը”, - ասել է նա:

Այս առումով վարչապետի պաշտոնակատարը կոչ է արել քաղաքացիներին հետևել իրադարձություններին։

«Մենք մշտական կապի մեջ կլինենք, որպեսզի կարողանանք արագ արձագանքել և, անհրաժեշտության դեպքում, համատեղ որոշումներ կայացնել բոլոր այս հարցերի վերաբերյալ: Ակնհայտ է, որ մենք պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հույս ունեմ, որ քաղաքական ուժերը չեն ձեռնարկի այդ հասկացողությանը հակառակ գործողություններ, քանի որ դրանք երկրի անվտանգությանը սպառնացող քայլեր կլինեն”, - ամփոփել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը: Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերի կեսերին:

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվող Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ և օրինագծին դեմ լինելու մի շարք պատճառներ նշել։

Նույն օրը ՀՅԴաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: