Բավ է պառակտվել
10-12-2018 21:52

Փաշինյան․Հայաստանում ընտրոոթյունները ժողովրդավարության հաղթանակ դարձան, դիտորդներն անվանել են դրանք աննախադեպ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, հաղթած "Իմ քայլը" դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է նախօրեին անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

"Հայաստանում նախօրեին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան: Այսօր ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդները ընտրությունների բացառիկ և աննախադեպ գնահատական են տվել, դրանք որակել են որպես ազատ, անկախ, արդար և ժողովրդավարական: Սա աննախադեպ երևույթ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ", - ասել է Փաշինյանը:

Նա դա համարել է Հայաստանի և նրա ժողովրդի կարևորագույն ձեռքբերումը: Ընտրությունները, նրա կարծիքով, կարևոր էին ոչ բռնի ապրիլյան հեղափոխության արդյունքներն արձանագրելու առումով: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել "Իմ քայլը" դաշինքին վստահության քվե տված ընտրողներին, ինչը նա պարտավորեցնող է համարել:

“Եկել է օր ու գիշեր աշխատելու և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը։ Մենք պատրաստ ենք ամբողջությամբ նվիրվել այդ առաքելությանը։ Առաջիկայում տեղի կունենա կառավարության, Ազգային ժողովի, այլ կառավարման մարմինների ձևավորումը։ Նոր եռանդով կսկսենք այն նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել նախընտրական քարոզարշավի ընթացքում”,- ասել է Փաշինյանը։

Նա շնորհավորել է "Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" կուսակցություններին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև ընտրություններին ակտիվորեն մասնակցած բոլոր ուժերին:

“"Իմ քայլը" դաշինքը կփորձի ներկայացնել նաև նրանց ընտրողներին։ Այս ընտրությունները ազգային միասնության ու համախմբման առիթ պիտի դառնան։ Եկել է արարման ժամանակը, տնտեսական հեղափոխությանը նոր խթան տալու ժամանակը։ Ես համոզված եմ, որ մենք՝ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, կիրականացնենք հայկական երազանքը։ Կարևոր է, որ մենք երկրում պահպանենք և զարգացնենք ժողովրդավարության և քննարկման մթնոլորտը, մեր գաղափարները, մտքերը իրար հետ կիսենք։ Ժողովրդի կամքն արտահայտելուց հետո բոլորս լծվում ենք այն իրագործելուն”,- ասել է Փաշինյանը։

Երեկ Հայաստանում կայացել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։ 2010 ընտրատեղամասերում ընտրողների ձայների հաշվարկի արդյունքներով խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ “Իմ քայլը” դաշինքը,” “Բարգավաճ Հայաստան” (ԲՀԿ) և “Լուսավոր Հայաստան” կուսակցությունները։

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.news-ը, համաձայն ԿԸՀ տվյալների առաջին տեղում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած “Իմ քայլը” դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցածների 70,43%-ը, ԲՀԿ-ն ստացել է 8,27%, իսկ երրորդ տեղում է 6,37% հավաքած “Լուսավոր Հայաստանը”։

Նախկին իշխանական Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չի հաջողվել հաղթահարել 5%-ի շեմը՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 4,7%-ը։

Ընտրությունների մնացած մասնակիցների միջև ձայները բաժանվել են հետևյալ կերպ․Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 3,89%, “Սասնա ծռեր”՝ 1,82%, “Օրինաց երկիր”՝ 0,99%, “Մենք” կուսակցությունների դաշինք՝ 2%, “Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ”՝ 0,51%, “Ազգային առաջընթաց”՝ 0,33%, “Քաղաքացու որոշում” սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 0,68%։