Բավ է պառակտվել
14-03-2023 13:27

ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից, և դա մեզ անհանգստացնում է. Փաշինյան

ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է: Այս մասին երեքշաբթի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ 2020 թվականին ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, նա ինձ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես ասացի՝ կարծում եմ՝ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախությունը, որն առկա է Հայաստանի Հանրապետությունում, այն է, որ ՀԱՊԿ-ն դուրս կգա Հայաստանի Հանրապետությունից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ստեղծված իրավիճակում ամենակարևորն է «չխաբել բնակչության սպասումները»։

Հայաստանը, նրա խոսքով, բազմիցս դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը։

«Բոլորն ականատես եղան, թե Հայաստանը որքան երկար և հետևողական է աշխատել և շարունակում է աշխատել իր գործընկերների հետ։ Մենք երկար և հետևողական ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ, և շարունակում ենք աշխատել: Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որը Հայաստանի Հանրապետության մասին չէ, դա այն մասին է, թե առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ գործո՞ւմ է, թե՞ ոչ, կա՞, թե՞ չկա»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանին կշտամբել են պայքարել չցանկանալու, ինչպես նաև ՀԱՊԿ-ից օգնություն պահանջելու հակվածության համար։ Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին մարտական բախումներ եղան։ Իշխանության հասցեին նոր մեղադրանքներ հնչեցին․ ասում էին՝ համաձայնագրի սխալ հոդվածով է դիմել ՀԱՊԿ-ին։ Վարչապետը նման քննարկումներն անվանեց անլուրջ։

«Իրականում, Հայաստանը դիմել է բոլոր հնարավոր հոդվածներով, հղում կատարելով համաձայնագրին և նախկինում ընդունված այլ փաստաթղթերին»,- նշեց Փաշինյանը։

Ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, համարելով, որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան։

Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։