Բավ է պառակտվել
20-07-2018 18:55

Ես էսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալի է եղել-Փաշինյան

«Ես էսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալի է եղել: Դա ուղղակի աներևակայելի է, և իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է  այն թալանի իրական մասշտաբների հետ, որը տեղի է ունեցել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիյկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ամեն օր ինքը զարմանում է՝ լսելով, թե ինչ բացահայտումներ են լինում երկրում: «Երկու ամիս է անցել, և ամեն օր ես զարմանում եմ՝ ո՞նց, ըտենց պրոբլեմ էլ ունի՞ էս երկիրը, լո՞ւրջ եք ասում: Եվ որքանով հասկանում եմ, դեռ մի չորս ամիս էլ ես զարմանալու եմ: Ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարվում եմ հավատալ էդ տեղեկություններին, մինչև ինձ ապացույցներ չեն ներկայացնում: Այն օրը ես մեր պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարին կանգնեցրել եմ, ասել եմ՝ խնդրում եմ, մի շարունակեք, ես չեմ կարող մեկ օրվա մեջ այսքան տեղեկություն ստանալ և հոգեկան հավասարակշռությունս պահպանել: Նա հանում էր թղթեր, ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ, ես նրան ասացի՝ ցտեսություն, հաջողություն, ես չեմ կարող, գնացեք ուրիշի պատմեք: Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում և այն վարչապետը, որն իր ամբողջ քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ ասել է, որ թալանվում է այս երկիրը: Բայց այդ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, որովհետև չի կարողանում հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել»,-ասել է վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկու ամիսների ընթացքում կառավարությունը ցույց է տվել, որ իր համար կապ չունի, թե ով երբ ինչ ելույթ է ունեցել կամ ինչ քաղաքական դիրքորոշում է ունեցել, կոռուպցիան պետք է պատժվի, կապ չունի, ով է դրա հեղինակը: Եվ դրանով է պայմանավորված այն, որ հանրության մի հատված այլևս ոգևորված չէ նոր իշխանությամբ: «Եվ ֆունդամենտալ հարցը հետևյալն է՝ մենք ի վիճակի՞ ենք լինելու ճշմարտության վրա հիմնված հարաբերություններ հաստատել մեր երկրում: Այս իրավիճակին սպառնացող ամենամեծ վտանգը հետևյալն է՝ ես վախենում եմ ստի և ճշմարտության հարցում չկարողնաամ կոմպրոմիսի գնալ: Կարող է դա շատ վատ է, բայց կարող է նման իրավիճակ լինել: Երբ դու չգիտես ճշմարտությունը, դա այլ է, բայց երբ գիտես, քո առաջ հարց կա՝ ի՞նչ անել այդ ճշմարտության հետ: Եվ ես հիմա ի պաշտոնե գիտեմ ճշմարտություններ, որ վստահ չեմ՝ եթե հանրությունն այդ ճշմարտությունն իմանա, կասի՝ կառավարություն, ինչ լավ է, որ մեզ ճիշտն ասացիր, թե՞ կասի՝ այս ճմարտությունը մեզ պետք չէր: Ինչպես ես եմ ասում՝ մի պատմեք ինձ, էլ չեմ ուզում լսել, հանրությունն էլ կասի»,- ավելացրեց վաչապետը:
 
Նիկոլ Փաշինյանը ասաց նաև, որ թալանը եղել է անգամ այն ոլորտներում, որտեղ դժվար է հավատալ: Ըստ Փաշինյանի՝ մինչև չհասկանան այս աղետի իրական մասշտաբները, բարեփոխումներ չեն կարող լինել երկրում:

Նա հավելեց, որ ամեն օր մտածում է այն մասին, թե ճշմարտությունը մինչև որ կետն է բացելու, որ հանրությունը չասի՝ այս ինչ արեցիք մեզ հետ: «Ես, օրինակ, հակված եմ նրան, որ ճշմարտությունը մինչև վերջին կետը պետք է բացվի: Բայց ես վստահ չեմ, որ դա իր հետ վտանգներ չի բերի»,- ասաց վարչապետը: