Բավ է պառակտվել
17-11-2020 13:16

«Փաշինյան ես կվերադարձնեմ դուխիդ, կոնյակդ միայն հեռացիր»․ Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստում հայտարարեցին, որ այսօր որևէ այլ հարց, քան «խայտառակ կապիտուլյացիայի» հայտարարությունը, քննարկել չեն պատրաստվում ու ձեռնպահ մնացին ներկայացված մի շարք նախագծեր հերթական նիստերի օրակարգ ընդգրկելու մասին հարցերի քվեարկությունից:
ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ պատերազմից հետո մի անգամ է ցավ տեսել Նիկոլ Փաշինյանի աչքերում, «երբ հայտարարեց, որ իր դուխին ու իր կոնյակը գողացել են»:

«Հարգելի՛ պարոն Դանիելյան, ինչպե՞ս է Ձեր աղջիկ Շուշին, հուսամ՝ լավ է։ Մենք Ձեր աղջկա ձեռքը բռնած մի օր անպայման գնալու ենք Շուշի, այն Շուշին, որը հանձնեց ձեր գերագույն գլխավոր հրամանատարը, այն Շուշին, որի վերաբերյալ ձեր գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց՝ պատերազմը կանգնեցնելու ցանկացած սցենարի դեպքում Շուշին պիտի հանձնվեր առանց մարտերի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին:

Պատգամավորը պնդեց, որ ԱԺ նիստերի դահլիճում այսօր պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում և Նիկոլ Փաշինյանի հրաժարական։
«Այլ հարց այս դահլիճում մենք որևէ բարոյական իրավունք չունենք քննարկելու։ Սիրելի հայրենակիցներ, ես երկար տարիներ աշխատել եմ «Հայկական ժամանակ»-ում և արել եմ հարցազրույցներ սերիական մարդասպանների հետ։ Նրանցից մեկն ինձ հետ հարցազրույցում ասաց՝ ես աղերսում էի, որ ինչ-որ պահի, ինչ-որ մեկն իմ ձեռքը բռնի...։

Հիմա մենք պատմական առաքելություն ունենք՝ այդ խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ նա չի հասցրել նոր ավերածություններ անել։ Բռնել նրա ձեռքը, հեռացնել նրան իշխանությունից, և քննարկումներ ունենալ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, վերացնել այս համաձայնագրում առկա ականները, որոնք այլևս վնասում են Հայաստանի անվտանգությանը, որոնք վերաբերում են Մեղրիին, որոնք վերաբերում են Հայաստանի տարածքներին։ Պետք է փորձենք փրկել այն, ինչ հնարավոր է փրկել Արցախում»,- ներկայացրեց պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրով մեզանից գողացել են Թալիշը, Մատաղիսը, գյուղեր, հատվածներ՝ Մարտունու, Ասկերանի շրջաններից, կորցրել ենք Շուշին, Հադրութի շրջանը՝ գրեթե ամբողջությամբ, Ջեբրայիլը, Զանգելանը, Կուբաթլուն: Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական պայմանագրով Ադրբեջանին է անցնում Աղդամը, Քաշաթաղը, բացառությամբ՝ 5-կմ-անոց միջանցքի:
Նա նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո, թե բանակցային բոլոր տարբերակներում նշված է եղել Շուշին առանց մարտի հանձնելու գաղափարը, ԱԳՆ խոսնակը հերքեց այդ տեղեկությունը, իսկ ԱԳ նախարարը «ոտքի վրա» հրաժարականի դիմում գրեց:
«Նիկոլ Փաշինյա՛ն, ես կվերադարձնեմ քո դուխին, ես կվերադարձնեմ քո կոնյակը, հեռացի՛ր, որպեսզի մենք կարողանանք նոր բանակցողով փրկել այն, ինչ դու մատաղ արեցիր թուրքերին»,- ասաց Զոհրաբյանը:

Արմինե Գևորգյան