Բավ է պառակտվել
19-01-2022 18:33

«Ես եմ արգելել Քերոբյանին հրաժարական տալ։ Ես կորոշեմ կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Վահան Քերոբյանի փոխարեն պատասխանեց պատգամավորի հարցին, թե ե՞րբ է Էկոնոմիկայի նախարարը հրաժարական տալու։

Խնդրո պատմությունը

Մոտ մեկ տարի առաջ Քերոբյանը վստահեցնում էր, որ անելու է ամեն ինչ, որպեսզի 2021 թվականի ավարտին Հայաստանում գրանցվի երկնիշ տնտեսական աճ։ Նա ասել էր, որ հակառակ դեպքում հրաժարական կտա։

Չորեքշաբթի ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Քերոբյանին հարցրել էր, թե երբ է հրաժարական տալու, ինչին վերջինս պառասխանել էր, որ իր հայտարարություններն արվել էին կեսկատակ, կես լուրջ։ Ի պատասխան՝ Մանուկյանը Քերոբյանին մեղադրել էր ստախոսության մեջ՝ նշելով, որ այսուհետ նրա խոսքերն ու հայտարարությունները կընկալվեն որպես անլուրջ։

Նախօրեին Էկոնոմիկայի նախարարության մամլո քարտուղար Գայանե Անտոնյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել էր, որ Վահան Քերոբյանը շարունակում է կատարել Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պարտականությունները։ Մի քանի տեղական թերթեր վերջերս գրել էին նրա առաջիկա հրաժարականի մասին։

Հարցը կրկնությունը՝ ճշգրտումներով

Չորեքշաբթի օրը խորհրդարանում կառավարության ժամին Արեգնազ Մանուկյանը կրկին հարցրեց Քերոբյանին, թե երբ է հրաժարական տալու, և ձայնագրություն ներկայացրեց, որտից երևում է, որ, ըստ նրա, Քերոբյանն ամենևին էլ կատակ չի արել։

Ձայնագրությունում Քերոբյանն ասում է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե երկիրը 2021-ի ավարտին երկնիշ տնտեսական աճ չգրանցի, և նաև նշում է, որ դա վկայելու է, որ չի կառչում պաշտոնից և պատրաստ է. թողնել ուժեղ տղամարդու համար նախատեսված պաշտոնը.

Այս հարցին որոշեց պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես եմ արգելել պարոն Քերոբյանին հրաժարական տալ և ես կորոշեմ, կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Քերոբյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 5-6%, հնարավոր է 6,5%։ Նա նաև ասել էր, որ իր կանխատեսումը երկնիշ տնտեսական աճի մասին ավելի լավատեսական եղավ, քան իրականությունը։