Բավ է պառակտվել
29-12-2022 12:07

Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է նախապատրաստում

Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված:

«Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը», - ասաց ՀՀ վարչապետը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ:

Փաշինյանն ընդգծեց, որ ամեն դեպքում, այս հարցերի պարզաբանման շուրջ հայկական կողմը պետք է սերտորեն աշխատի ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ կարգավորումների հասնելու համար:

«Պետք է նաև վերահաստատեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը», - ասաց վարչապետը: