Բավ է պառակտվել
13-05-2021 19:15

Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքում իրավիճակի կապակցությամբ Հայաստանը խորհրդակցություններ կսկսի ՀԱՊԿ-ի հետ (տեսանյութ)

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի Անվտանգության խորհրդի նիստին հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքում իրավիճակի կապակցությամբ։

«Մեր գնահատականը միանշանակ է՝ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի, ցիտում եմ, «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար», ասել է նա։
Ելնելով վերը նշվածից, Փաշինյանը հանձնարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով նա նաև հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010 թվականի դեկտեմբերի 10-ի Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:

«Սույն կարգով, հիշեցնեմ, սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված համատեղ գործողությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու մեխանիզմն»,- ասել է նա։
Ընդգծելով, որ չնայած այս պահին հրաձգության և փոխհրաձգության դեպքեր չեն արձանագրվել, ՀԱՊԿ-ի վերը նշված ընթացակարգերի արագ ձեռնարկումը անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընդգծել է, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: նույն օրն ավելի ուշ ՀԱՊԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ «իրադրության զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին համապատասխան»։