Բավ է պառակտվել
28-10-2022 19:02

ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանը նշել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է ուրբաթ տեսակոնֆերանսի ձևաչափով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության խորհրդի ս/թ սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցին։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նա նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը:
Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: