Բավ է պառակտվել
11-08-2021 10:35

Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ինչպես հարկն է կիրառել ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող մեխանիզմները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանւսլավ Զասին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

«Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում է: Եվ նաև այդ պատճառով մենք շատ լրջորեն պատրաստվում ենք կազմակերպությունում մեր նախագահությանը՝ կապված ոչ միայն այն մարտահրավերների հետ, որոնք ի հայտ են եկել մեզ մոտ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության անվտանգության իմաստով, այլ նաև ավելի լայն իմաստով»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն, առաջին հերթին կազմակերպություն է, որը խնդիրները լուծում է քաղաքական մեթոդներով: «Եվ կարծում եմ, որ կազմակերպությունն ի հայտ եկած խնդիրները քաղաքական մեթոդներով լուծելու շատ մեծ հնարավորություններ ունի: «Անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունը և մենք որոշակի վճռականություն դրսևորենք այդ հարցերի նկատմամբ: Իհարկե, կոնկրետ իրավիճակներում նախատեսված են նաև գործողության շատ կոնկրետ մեխանիզմներ»,- նշել է նա:

Խոսելով Հայաստանի սահմաններում ճգնաժամային իրավիճակի, որը կոնկրետ սպառնալիք է պարունակում Հայաստանի անվտանգության համար, վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս անօրինականորեն գտնվում են երկրի տարածքում:

«Իհարկե, այդ իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ շատ քննարկումներ կան: Պետք է ասեմ, որ փաստացիորեն առաջին անգամ ՀԱՊԿ-ում մենք բախվում ենք կոնկրետ նման իրավիճակի հետ և պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը, որպեսզի հետագայում բարձրացնենք ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունն»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ այս իրավիճակում հայկական կողմի համար կարևոր է գտնել գոյություն ունեցող հարցերի քաղաքական լուծումը, դրա համար բոլոր հնարավորությունները կան: «Անհրաժեշտ է ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում»,- ասել է նա:

Կառավարության ղեկավարը կառուցողական է անվանել Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային օրակարգի իմաստով։ Նա նշել է, որ Հայաստանը հավատարիմ է այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ֆիքսված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում:
«Մեզ համար շատ կարևոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ և գալ կոնկրետ լուծումների՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի, իսկապես, սկսենք Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Իհարկե, դրա համար պետք է կոնկրետ պայմաններ ստեղծել»,- ասել է նա:

Միաժամանակ, Փաշինյանը հույս և համոզվածություն է հայտնել, որ իրոք կան հնարավորություններ հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուծվի քաղաքական մեթոդներով:

«Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ շրջանակներում մեզ կհաջողվի կոնկրետ լուծումների հանգել, մասնավորապես՝ իրավիճակի մոնիտորինգի հետ կապված: Սա այն հարցն է, որի հետ կապված պետք է կոնկրետ որոշումներ կայացնել և աշխատել կոնկրետ մեխանիզմների վրա»:

Զասը իր հերթին տեղեկացրել է, որ այսօր եղել է սահմանին, այցելել մոտոհրաձգային գունդ, վերջինիս ստորաբաժանումներ:

«Եթե անկեղծ, ես տեսնում եմ, որ այժմ սահման չկա, դա փաստացի զինված բախումների շփման գիծ է, դիմակայության գիծ և պարբերաբար այնտեղ բռնկվում են բախումներ, փոխհրաձգություններ: Իհարկե, այդպես չպետք է լինի: Պետք է ամեն ինչ անել, յուրաքանչյուրն իր առաջնագծով՝ այդ իրավիճակը, ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասել է նա:

Նշելով, որ այսօր Հայաստանում մշակվում է կառավարության գործունեության ծրագիր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, այդ ճգնաժամի հաղթահարումը՝ սահմանին անվտանգության ապահովման համար պետք է լինի կառավարության առաջնային, գլոբալ խնդիրներից մեկը։

«Բավական են զոհերը, բավական են պատերազմները, պետք է ամեն ինչ անել՝ խնդիրները խաղաղ լուծելու համար: Վստահ եմ՝ կհաջողվի: Բավական երկար այս թեման քննարկել ենք՝ և մայիսին՝ արտգործնախարարների մակարդակով, և կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանին և լուծեն խնդիրն»,- ասել է Զասը։