Բավ է պառակտվել
04-06-2020 13:19

Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի. (Տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետի հեռավար միացմամբ: Վարչապետը նախ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել իրավիճակը:
Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին տվյալներով կրկին ռեկորդ է գրանցվել՝ 697 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվն էլ հատել է 11 հազարի շեմը: Մահվան դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 176:
«Կարող եմ ասել, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մնում է մոտավորապես նույնը: Ծանր է 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59, թոքերի օդափոխման սարքին է միացված 15 հոգի: Նաև կա մի վտանգավոր տենդենց. նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական հիմնարկություններում, ինչը մեր իսկ փորձով ցույց է տալիս, որ հնարավոր է մեծ բռնկում, որովհետև մարտի սկզբին արձանագրված օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում՝ կրկին արտադրամասից, ու հնարավոր է, որ նույն սցենարը ունենանք»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է կանոնները պահպանել հիմնարկներում:
Վարչապետն էլ ասաց, թե խնդիրն այնպես անելն է, որ առողջապահական համակարգն, իսկապես, կարողանա սպասարկել բոլոր քաղաքացիներին։
«Բայց հիմա պրոբլեմը որ ունենք, ամենևին էլ առողջապահական համակարգինը չէ, համակարգից դուրս է, խոսքը կանոնների պահպանման վեաբերյալ է, հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում», - ասաց Փաշինյանը։Նրա խոքով՝ կանոնների չպահպանման շատ դեպքեր հանդիպում են բանկերի մոտ։
«Երեկ բավականին լավ արդյունքների հասանք, օրվա վերջին լավ իրավիճակ էր, բայց էսօր առավոտյան երկու ահազանգ ենք ստացել, մեկում նույնիսկ կասկածում ենք, որ պրովակցիա կա, կապվել ենք ոստիկանությնա հետ, հարցը հիմա լուծվում է», - ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
ԿԲ նախագահն ասաց, որ վիճակը կառավարելի է ։
Հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ը` առողջացած, 176-ը` մահվան ելքով: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:

 

 

Արմինե Գևորգյան