Բավ է պառակտվել
23-07-2020 15:06

Բանակցություններն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստ լինի փոխզիջումների ․ՀՀ Վարչապետ


Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանային լարված իրավիճակում Հայաստանի ու հայ ժողովրդի համախմբվածությանը:
Վարչապետը նշեց, որ միջազգային համայնքի առջև մենք դրսևորեցինք պատասխանատու և վստահ պահվածք ու հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը:

Չենք կարող անտեսել այն փաստը, որ 2016թ-ի ապրիլից հետո Ադրբեջանը երկրորդ անգամ ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից: Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնում է մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև մի քանի կետերով շարադրեց այն մոտեցումները, որոնք ձևավորվեցին ու ամրապնդվեցին վերջին իրադարձությունների գնահատման արդյունքում:

«Առաջին՝ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել:

Երկրորդ՝ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Երրորդ՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Չորրորդ՝ «Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային գործընթացը»,- ասաց Փաշինյանը՝ հավելով, որ բանակցություններն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնելու իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման:

Հինգերորդ՝ վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին:

Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ միջազգային հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ:

Արդեն երրորդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց տնտեսական, քաղաքական, բնապահպանական, տեղաշարժի և այլ իրավունքներ: Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:
ՀՀ վարչապետը անհրաժեշտ համարեց նաև զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը՝ որպես սահմանային միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ արդյունավետ գործիք:
ՀՀ վարչապետն արձանագրեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և վճռականորեն մերժելու է հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը:
«Մեզ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց և այդ ոգևորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքով», - նշեց Փաշինյանը:

 

 

Արմինե Գևորգյան