Բավ է պառակտվել
27-12-2021 11:00

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում․ Չավուշօղլու

Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Մոսկվայում, քանի որ, մեր տպավորությամբ, Հայաստանն ունի համապատասխան ցանկություն», - ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը կլինի փորձված դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հայաստանը թուրքիայի հետ երկխոսության հատուկ է ներկայացուցիչ է նշանակել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռումինյանը (Փաշինյանի մտերիմ զինակիցը)։

Ստամբուլ-Երևան ավիահաղորդակցություն

Չավուշօղլուն նաև հավելել է, որ Թուրքիան ակնկալում է մոտ ապագայում ավիաչվերթներ իրականացնել Ստամբուլի և Երևանի միջև։

Օրերս թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարայիսմայօղլուին, գրել էին, որ 2,5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կվերսկսեն փոխադարձ չվերթերը: Նախարարի խոսքով, թռիչքներն իրականացնելու է Pegasus Airlines ավիաընկերությունը, որն այս պահին ավարտում է նախապատրաստական աշխատանքները:

Հայկական «Flyone Armenia» ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Երևան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Ավիաընկերությունը նմանատիպ հայտ է ներկայացրել նաև թուրքական ավիացիոն իշխանություններին։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվեց 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնեց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։