Բավ է պառակտվել
17-11-2021 14:23

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը, չորեքշաբթի ասել է լրագրողներին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն՝ անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- համապատասխան հարցին ի պատասխան ասել է Կրեմլի խոսնակը։

Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ պայմանավորվածությունների պահպանման օգտին, ասել է Պեսկովը։

«Իսկապես, [հայ-ադրբեջանական] սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը երեկ լուրջ մտահոգության տեղիք տվեց, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հակամարտող կողմերին զսպվածության հրավիրել»,- ասել է Կրեմլի նրկայացուցիչը։

«Ռուսական կողմը կշարունակի դա անել: Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»,- ընդգծել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Կրեմլում կարծում են, որ երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, դա կլինի նման միջադեպերի չվերսկսման երաշխիք։ Մամլո խոսնակը նաև հիշեցրել է, որ նախորդ օրն իրավիճակի կայունացմանն ուղղված ակտիվ ջանքերն «առաջին հերթին գործադրում էր [ՌԴ Վլադիմիր] նախագահՊուտինը»։ Մասնավորապես, երեքշաբթի կայացավ նրա հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում թեժ մարտեր են ընթացել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Երևանը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել հանրապետության տարածքի խորքը: Սպառնալիքի տակ է հայտնվել մայրաքաղաքը երկրի հարավային շրջանների և Իրանի հետ կապող պետական մայրուղին: Բաքուն կատարվածի պատասխանատվությունը դրեց Երևանի վրա՝ մեղադրելով հայկական զինված ուժերին սադրանքի մեջ։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հայ զինծառայողները հարձակվել են ադրբեջանցի զինվորականների դիրքերի վրա։

Այս իրադարձությունների կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի հետ։ ՌԴ պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը հայտնել է, որ դրանից հետո Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները միջոցներ են ձեռնարկել սահմանին իրավիճակը կայունացնելու համար, և իրավիճակը կարգավորվել է։