Բավ է պառակտվել
29-03-2021 12:02

Փաշինյանի հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Պուտինի հետ․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասել է լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ ղեկավարների շփումները շարունակական բնույթ են կրում։
«Նա (Փաշինյանը) կմնա ժամանակավոր պաշտոնակատար (Հայաստանի վարչապետի), ուստի այս որոշումը, որը հրապարակվել է, անհապաղ քննարկման կարիք չունի», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարները «վերջերս են շփվել, շփումները շարունակվում են»:
Անցյալ կիրակի, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ, ՀՀ վարչապետն ասաց, որ հրաժարական կտա ապրիլին, բայց միայն որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Փաշինյանը հայտարարեց, որ այդ ընթացքում շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները։