Բավ է պառակտվել
11-01-2022 13:16

Մոսկվան չի միջամտի ՀԱՊԿ-ի առաքելությունն ավարտելու մասին Ղազախստանի որոշմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը դուրս բերելու Ղազախստանի որոշումը հանրապետության իրավասությունն է, Ռուսաստանը չի միջամտի։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա ամբողջովին այն երկրի իրավասությունն է, որը դիմել է ՀԱՊԿ-ին այս խնդրանքով, սա նրանց վերլուծությունն է, և մենք իրավունք չունենք միջամտելու դրան»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պատասխանելով հարցին, թե որտեղից է Մոսկվան ստանում տվյալներ Ղազախստանում անկարգություններին օտարերկրյա խմբերի հնարավոր մասնակցության մասին, Պեսկովն ասել է. «Ես չեմ տիրապետում այն տեղեկություններին, որոնք ունեն մեր համապատասխան ծառայությունները, բայց, իհարկե, կա տեղեկատվության փոխանակում հատուկ ծառայությունների միջոցով, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այս փոխանակման շրջանակներում ռուսական կողմը տվյալներ է ստանում իր ղազախ գործընկերներից»։

Միաժամանակ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ «այստեղ գլխավորը ոչ թե այն է, թե ինչ տեղեկություններ ունի ռուսական կողմն, այլ այն, թե ինչ տեղեկատվության վրա են հիմնվում ղազախստանցի գործընկերները, և [Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ] Տոկաևը երեկ խոսել է այդ մասին»։ «Հենց սա էլ պետք հանդիսանա և հանդիսանում է առաջնային աղբյուր»,- ընդգծել է Պեսկովը։

Մամլո քարտուղարը եզակի և նշանակություն չունեցող է անվանել միջադեպը, երբ Ղազախստանի ուժայինները, Ալմա-Աթայում տեղի ունեցած անկարգություններին առնչություն ունենալու կասկածանքով, կալանավորել են հայտնի ղրղզ երաժիշտ Վիկրամ Ռուզախունովին, ով հետագայում ազատ է արձակվել և հայրենիք ուղարկվել։ «Սա ոչինչ չի նշանակում, մեկ միջադեպը որևէ միտումներ ձևավորելու առիթ չէ, հատկապես նման լայնածավալ իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի էին ունեցել մեկ շաբաթ առաջ Ալմա-Աթայում», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը երկրից կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր։