Բավ է պառակտվել
29-03-2014 12:09

Քեսաբի դեպքերով անհանգստացած է նաև ԱՄՆ պետդեպը

Երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆն անդրադարձել է Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ իրենք խորապես անհանգստացած են այնտեղ բնակվող հայկական համայնքի ներկայացուցիչների անվտանգությանը սպառնացող բռնություններով, ինչի հետևանքով բնակիչների մեծ մասը ստիպված է եղել գաղթել։
Ըստ նրա սիրիական հակամարտությունը շարունակում է վտանգ ներկայացնել այդ երկրում բնակվող քրիստոնյաների համար, և հայերը ևս բացառություն չեն։ Պաշտոնյայի խոսքով՝ Քեսաբում կռվող խմբավորումները հայտնել են, որ իրենց թիրախում չի հայտնվի խաղաղ բնակչությունն ու նրանց սրբավայրերը չեն պղծվի։
«Մենք ակնկալում ենք, որ այդ խոստումները կկատարվեն, իսկ ԱՄՆ-ն էլ կշարունակի աջակցել հակամարտության «զոհերին», այդ թվում՝ սիրիաբնակ հայերին»,- շարունակել է պաշտոնյան՝ հավելելով, որ Պետդեպն աչալրջորեն հետևում է Սիրիայում բնակվող հայերի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Վերջինս նաև նշել է, որ Պետդեպը Քեսաբի դեպքերի հարցով սերտ կապի մեջ է Թուրքիայի և այլ երկրների կառավարությունների հետ՝ ստանալով նորանոր տեղեկություններ և խոստովանելով, որ դա այնքան էլ հեշտ բան չէ։
Հարկ է հիշեցնել, որ Թուրքիայի տարածքից մարտի 21-ի առավոտյան զինված խմբավորումները ներխուժել և հարձակվել են Քեսաբի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա։ Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիան ոչ միայն չի կանխել զինյալ անօրինական թափանցումը, այլև ռազմական ակնհայտ օժանդակություն է տրամադրել զինյալներին` հրթիռակոծելով սիրիական տարածքը։ Բարեբախտաբար, տեղի բնակչությունը հասցրել է տեղափոխվել Լաթաքիա։ Սիրիա են մեկնել նաև ՀՀ Աժ պատգամավորներից կազմաված պատվիրակությունը: