Բավ է պառակտվել
11-03-2020 16:15

Փաշինյանը երկու սխալի համար ներողություն է խնդրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ԱՅՈ-ի քարոզարշավի ժամանակ նշել է, որ Գյուլագարակում սխալ է արել իրեն օգնության խնդրանքով դիմած տղամարդու հանդեպ:
«Ես ուզում եմ խոստովանել, որ երկու սխալ եմ թույլ տվել, ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, և թերագնահատել եմ այն հանգամանոքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել ու ասել, որ, «գիտես ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ» », - ասաց Փաշինյանը։
«Իմ երկու սխալի համար ուզում եմ Մեխակից և բոլորիցդ ներողություն խնդրել: Մենք մարդ ենք, սխալական ենք, կարող է սխալվենք, բայց մենք նենգ և անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի: Ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը նաև հիշեցրել է, որ կուրթանցի Մեխակը իր տունը կորցրել է այն մարդկանց իշխանության օրոք, ովքեր զարգացնում են այս թեման:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ կուրթանցի երիտասարդին հանդիմանել էր այն բանի համար, որ նա, լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում։
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ երիտասարդն, իրականում, առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։

 

Արմինե Գևորգյան