Բավ է պառակտվել
09-03-2021 17:36

Պլան ա-ն դեռևս աշխատում է։ Վանեցյանը հույս ունի, որ պլան բ-ի կարիք չի ծագի

Ընդդիմությունն իր օրակարգն ունի, և հավաքները չեն խանգարում ոչ գերիների վերադարձի, ոչ անվտանգության համակարգում եղած այլ հարցերին, ասել է երեքշաբթի լրագրողներին «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքից առաջ։

Պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի նախագահի գործողություններից ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ, նա այս փուլում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ անվանեց։

Օրենքի համաձայն, Օնիկ Գասպարյանի ազատման պահանջի սահմանադրականությունը ստուգելու հարցով ՍԴ դիմելու նախագահի վերջնաժամկետը լրանում է մարտի 9-ին։

«Բայց մենք հույս ունենք, որ նախագահը կպահի իր խոսքը և անպայման կդիմի ՍԴ։ Պարզապես անտրամաբանական կլինի առաջին անգամ վարչապետին վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, համարելով այն հակասահմանադրական և դրանից հետո չդիմել Սահմանադրական դատարան։ Դա տրամաբանությունից դուրս է, և մենք հույս ունենք, որ այսօր տեղեկություն կստանանք նախագահի աշխատակազմից, որ նախագահն, այնուամենայնիվ, դիմել է ՍԴ»,- ասաց նա, հավելելով, որ եթե դա տեղի չունենա, ընդդիմությունը տեղում կորոշի իր գործողությունները։

Պատասխանելով հարցին, արդյոք անցում կարվի պլան բ-ին, որի մասին փետրվարի 20-ի հանրահավաքին խոսել էր ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը, որն, ըստ վերջինիս, ենթադում է «կայծակնային արագությամբ ապստամբության միջոցով վերցնել իշխանությունը», Վանեցյան ասաց, որ «պարոն Մանուկյանն արդեն դատարանի ճանապարհին է պլան բ-ի մասին խոսակցությունների համար»։

«Եկեք հիմա ձեռնպահ մնամ (մեկնաբանություններից՝ խմբ․), քանի որ, հակառակ դեպքում ընդդիմությանը վերջ ի վերջո «կգլխատեն»։ Իսկ եթե ավելի լուրջ, կարծում եմ, որ պլան ա-ն (փլուզել հիմքերը, որոնց վրա հենվում է Փաշինյանը) դեռևս նորմալ աշխատում է, և ես հույս ունեմ, որ պլան բ-ին անցնելու կամ այն իրականացնելու կարիք չի լինի»,- ասաց նա։

Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ ընդդիմությունը 10 օրից ավել գտնվում է Բաղրամյան պողոտայում , վրանային քաղաքը գործում է, պարբերաբար անց են կացվում բողոքի ակցիաներ և հանրահավաքներ։

«Օրակարգը փոխվում է, և իշխանությունները, հասկանալով, որ այլևս ոչ մի հնարավորություն չունեն ուժով պահել իշխանությունը, փորձում են գտնել որոշակի լուծումներ և անում են առաջարկություններ։ Այլ հարց է, համաձայն է արդյոք ընդդիմությունը այդ առաջարկների հետ, թե ոչ։ Ընդդիմության պահանջը միշտ եղել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Սակայն տարբերությունը նրանում է, որ մենք ասում ենք, որ ընտրություններիը չպետք է կայանան Նիկոլ Փաշինյանի օրոք, իսկ իշխանությունն ասում է, որ իրենք պետք է անցնեն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց Վանեցյանն, ընդգծելով, որ այսուհետ քաղաքական օրակարգը թելադրվում է Բաղրամյան պողոտայից, «և այստեղից են լուծվելու Հայաստանի հետագա զարգացման հետ կապված բոլոր հարցերը»։

Ի պատասխան հարցին, հնարավոր է, որ «Հայրենիք» կուսակցությունը նախընտրական դաշինք կազմի ՀՅԴ-ի հետ՝ Վանեցյանն առաջարկեց նախօրոք չխոսել այդ թեմաների մասին։

«Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ հեռացնել Նիկոլին, ձևավորել ժամանակավոր կառավարություն և անցկացնել արտահերթ ընտրություններ։ Վերջին մեկ տարվա իմ գործունեության ընթացքում ես հասկացա, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, բայց և այս փուլում որևէ բան հաստատել չի կարելի»,- ասաց նա։