Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումից հետո համատեղ հռչակագիր է ընդունվել, հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Քննարկումներին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Օրակարգում էին Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանն առնչվող հարցեր։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, մասնակիցները մտքեր են փոխանակել կոնկրետ նախագծերի իրականացման միջոցով տարածաշրջանային համագործակցության խորացման ուղիների շուրջ։ Եզրափակիչ հռչակագրում ընդգծվել է տնտեսական համագործակցության կարևորությունը երկրների միջև վստահության ձևավորման և տարածաշրջանում կայունության ու բարգավաճման ապահովման գործում։ Որոշվել է նաև ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության այլ ոլորտներում համատեղ աշխատանքի հնարավորությունները։ Փաստաթղթում հատկապես ընդգծվում է երկխոսության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։
Հանդիպումից հետո նախարարները հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիան մտադիր է շարունակել համագործակցությունը հարևան երկրների հետ՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու զարգացմանը նպաստելու նպատակով, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։