Բավ է պառակտվել
07-03-2015 08:46

Մինչ օրս ԲՀԿ-ն լքել է ավելի քան 15 կուսակցական

Փետրվարի 12-ից մինչ օրս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ավելի քան 15 անձ: Փետրվարի 12-ին, երբ ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը քննադատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրան ազատեց Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, մի շարք քաղաքական գործիչներ սկսեցին դուրս գալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից կամ՝ լքել կուսակցությունը: Առաջիններից էին պատգամավորներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Մելիք Մանուկյանը, Գրիգորի Մարգարյանը, Ռուստամ Գասպարյանը: Պատգամավորները ԱԺ նախագահին տեղեկացրել են, որ այսուհետ իրենց գործունեությունն Ազգային ժողովում կշարունակեն որպես անկախ պատգամավոր: Երբ ԲՀԿ արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից, կարճ ժամանակ հետո հայտնի դարձավ, որ կուսակցությունը լքում է Աբովյանի քաղաքապետ, Գ. Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, այնուհետև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նախօրին ԲՀԿ-ն լքելու մասին հայտարարեցին Նոր Հաճնի ԲՀԿ տարածքային կառույցի նախագահ, Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասանյանը, ինչպես նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Վերջիններս կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները: ԲՀԿ-ն լքել են նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, ով շարունակելու է աշխատել որպես մամուլի քարտուղար: Կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել են նաև պատգամավորներ Բազմասեր Առաքելյանը, Աբրահամ Մանուկյանը։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից դուրս գալու դիմում են ներկայացրել նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: