Բավ է պառակտվել
23-10-2019 15:16

Ի՞նչու են ձերբակալել Արսեն Բաբայանին՝ մեկնաբանում են օրենսդիրները

Խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադառցավ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը։
«Բոլորս պետք է տեսնենք Արսեն Բաբայանին ձերբակալելու հիմնավորումները, պետք է տեսնել՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են։ Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար էլ անհասկանալի է Արսեն Բաբայանի ձերբակալությունը։

«Ձերբակալում են այն դեպքում, երբ անձը հանցագործության պահին է արգելանքի վերցվում ու կա հիմնավոր կասկած, որ նա կարող է խուսափել: Բայց երբ մարդուն հրավիրում են ու նա ներկայանում է, այդ ժամանակ ձերբակալելըը, կարծում եմ, այնքան էլ համաչափ չէ»,- ասաց Մարուքյանը՝ համոզմունք հայտնելով, որ Արսեն Բաբայանի գործը ապագա չունի։

«Որովհետև այն համաներման տակ է ընկնելու ու անգամ պետք չի, որ ինքն ընդունի պաշտոնեական կեղծիք է կատարել. բավարար է, որ նա չառարկի, որ համաներումն իր նկատմամբ կիրառվի ու նա ազատ է արձակվելու», - ասաց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե հիմա Բաբայանին տանեն դատարան, «ամենավատ դատավորն էլ, հնարավոր է, նրան չկալանավորի»։
Իսկ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ բացառում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական ճնշում է։
«Ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ սա քաղաքական ճնշում է ու քաղաքական ենթատեքստ ունի», - ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք,որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ: