Բավ է պառակտվել
09-04-2021 13:44

Ինչու՞ Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին և արդյո՞ք Մեղրիի շուրջ առևտուր է ընթանում

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ուրբաթ լրագրողներին բացատրեց Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հետ կապված որոշ ասպեկտներ:

Ապրիլի 8-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում էին հավաքվել ադրբեջանական գերության մեջ պահվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատները՝ սպասելով Բաքվից ինքնաթիռի վայրէջքին: Հայրենիք վերադարձող գերիների թվի վերաբերյալ տեղեկատվություն չէր հաղորդվել: Սակայն ինքնաթիռը ժամանեց առանց գերիների: Ինչպես ավելի ուշ հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը, Ադրբեջանից հայ գերիների վերադարձը, «ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»: Երեկվանից գերիների հարազատները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ արգելափակելով Պաշտպանության նախարարության շենքը և ՀՀ որոշ մայրուղիներ:

Ինչո՞ւ Ադրբեջանը չվերադարձրեց գերիներին, և ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ:

«Մենք չգիտեինք, որ դատարկ ինքնաթիռ է ժամանելու, ինքնաթիռում Մուրադովն էր (Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադով - խմբ.), ինչը նշանակում է, որ եղել է պայմանավորվածություն, որը խախտվել է», - ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ պատճառներն անհայտ են, միայն որպես ենթադրություն կարելի է ասել, որ, ամենայն հավանականությամբ, հերթական անգամ թշնամին փորձում է փոխել խաղի կանոնները, և, ըստ երևույթին, դա կապված է համաձայնագրի հետ, որը ստորագրել են որոշում կայացնողները՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

«Գուցե այստեղ ինչ-որ խնդիր կա, որը խոչընդոտում է բանտարկյալների վերադարձը», - ասաց Քոչարյանը ՝ չբացատրելով իր ակնարկները:

Նա միայն նշեց, որ հայկական կողմը պահանջում է կատարել փաստաթղթի 8-րդ կետը, որի տակ կա նաև Պուտինի ստորագրությունը:

Նրա խոսքով, գերիներին վերադարձնելու հարցը բարձրացվել է Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից անմիջապես հետո:

«Դա մի քայլ էր, որտեղ ակնհայտ էր, որ Ռուսաստանը փորձում է իր մասնակցությունը բերել խնդրի լուծմանը, ինչով և պայմանավորված էր Մուրադովի մեկնումը գերիների հետևից: Բայց առաջացան խոչընդոտներ, որոնց պատճառները ես դեռ չեմ կարող բարձրաձայնել, բայց ինտուիցիայի մակարդակով ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում», - ասաց Քոչարյանը:

Նա չբացառեց, որ Ադրբեջանը կարող է համարել, որ Թուրքիայի իշխանությունները պետք է մասնակցեն գործընթացին, մասնավորապես` կարող է Պուտին-Էրդողան մեկ այլ երկխոսության անհրաժեշտություն լինել:

Նա ընդգծեց, որ եթե և կային պայմանավորվածություններ, դրանք նաև Ռուսաստանի մասնակցությամբ էին, և կլինեն այլ ձևաչափեր այդ համաձայնագրերի խախտումները լուծելու համար:

Հարցը չի կարող չլուծվել, բայց ժամկետներ նշել դժվար է

Պատգամավորը նշեց, որ հայկական կողմը տարբեր միջոցներով կշարունակի գերիներին վերադարձնելու գործընթացը:

«Գերիների հարցերի շուրջ կան տեսանելի և թաքնված գործընթացներ, այստեղ և՛ եկեղեցին, և՛ իշխանությունների ներկայացուցիչները, նախագահի կապերը կարող են դեր ունենալ, բայց դրանք անտեսանելի գործընթացներ են: Երբ մենք ասում ենք, որ պետք է խոսենք թշնամու հետ, մենք դա պետք է անենք այնպես, որ նա հնարավորություն չունենա խուսափել հարցից», - ասաց Քոչարյանը:

Ըստ նրա, այս պահին արդյունքը չի գոհացնում ոչ միայն քաղաքացիներին, այլ, առաջին հերթին, գերիների հարազատներին:

«Հարցը չի կարող չլուծվել, բայց ժամկետները դժվար է նշել: Սա աշխատանք է, որը չպետք է լինի հանրային, և այն մնում է կառավարության գլխավոր գերակայություններից մեկը: Ավելորդ հրապարակային հայտարարությունները վաղաժամ են և դրանք հաճախ օգտագործվում են որոշումներ կայացնող հակառակորդի կողմից, ինչը իր հերթին հանգեցնում է ցնցումների Հայաստանում. ծնողները դժգոհություն են հայտնում, փակում են Պաշտպանության նախարարությունը, ինչը խոչընդոտում է անվտանգության համար պատասխանատու ամենակարևոր կառույցի աշխատանքը», ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց, որ հակառակորդի մոտ ազդեցության գայթակղություն է առաջանում, ըստ էության, Ադրբեջանը լավ լծակներ ունի. «Մենք պետք է սառնասրտորեն մոտենանք հարցին՝ հասկանալով գերիների հարազատների ողջ ցավն», - ասաց Քոչարյանը:

Միևնույն ժամանակ, նա դժգոհություն հայտնեց տեղեկատվության արտահոսքի, այդ թվում՝ ինքնաթիռի ժամանման կապակցությամբ, ինչը, նրա կարծիքով, անընդհատ լարվածություն է հաղորդում ծնողներին և շեշտեց, որ այս գործընթացը կառավարելի է:

«Կան թերություններ և բացթողումներ, բայց դրանք չպետք է դառնան ազդեցության գործիք թշնամու համար», - ասաց Քոչարյանը:

Գերիներ կամ ահաբեկիչներ, և ի՞նչ կարող է Հայաստանը առաջ քաշել դրա դիմաց

Պատասխանելով այն հարցերին, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ իրենց մոտ գերիներ չկան, նրանք բոլորը վերադարձել են 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներում, իսկ իրենց մոտ գտնվող անձինք ահաբեկիչներ են, պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը փորձում է դիմել մանիպուլյացիաների։

«Ըստ ամենայնի, անհրաժեշտ է նրանց բացատրել, թե ինչպես է առաջացել այս խնդիրը, սա նրանց ճաշակի հարց չէ, կա իրավական կարգավորում, և այս տրամաբանության մեջ է, որ հարցը պետք է լուծվի: Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը հապճեպ էր, քանի որ համաձայնությունը չկատարվեց, բայց ինքնաթիռը մեկնել էր ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա», - ասաց Քոչարյանը:

Ըստ նրա, սա նշանակում է, որ ի սկզբանե Ադրբեջանն ընդունել է գերիների առկայությունն իր մոտ:

Նա նաև նշեց, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները ընդունեցին գեիների առկայությունը, անուն առ անուն՝ նրանց անձնական անվտանգության խնդիր այլևս չկա:

«Մենք խնդիր ունենք անհայտ կորածների հետ, ովքեր նույնպես կարող են գերության մեջ լինել, և նրանց պետք է գտնել և լուծել խնդիրը՝ փոխանակելով բոլորին բոլորի դեմ սկզբուքով», - ասաց Քոչարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմն ունի՞ ադրբեջանցի գերիներ, և որ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդպիսիք չկան, Քոչարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: Միաժամանակ նա հավելեց, որ եթե նրանք չկան, ապա հարցը պետք է լուծվի այլ կերպ:

Մեղրին գերիների դիմա՞ց

Քոչարյանը մեկնաբանեց նաև հայկական լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, որ Ադրբեջանը նախատեսում է հայ գերիների փոխանակում տարածքների դիմաց․ մասնավորապես նշվում է Մեղրին (Հայաստանի Սյունիքի մարզ - խմբ.):

«Ես բացառում եմ Մեղրին: Գերիներին պահում են Հայաստանում լարվածություն ստեղծելու համար», - ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ գերիների հարցը իրողություն է, որը պետք է լուծել:

Նա հիշեց, որ Արցախում առաջին պատերազմից հետո տեղի են ունեցել նման գործընթացներ, բայց այն ժամանակ դա գործընթաց էր, որը տևեց տարիներ, այլ ոչ թե լուծվեց քաղաքական հարկադրանքի միջոցով:

«Մեղրիի վերադարձ? Շատ բան են ասում, դուք նայեք, թե ով է այդ մասին խոսում: Դրանով նրանք փակուղի են ստեղծում գերիների վերադարձի համար: Ես միշտ ասել եմ, որ գերիների հարցը շատ զգայուն է, և այն պետք է այնպես լուծվի, որ թշնամին դա չդարձնի մեր երկրի դեմ քաղաքական գործողությունների հարթակ», - ասաց Քոչարյանը:

Հայ գերիների մասին

Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը՝ ասելով, որ դա պետական գաղտնիք է։ Հայաստանի արտգործնախարարությունը խոսել է 188 հայ գերների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցեր կան ադրբեջանական գերության մեջ գտնվող 228 հայերի վերաբերյալ:

Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորներն ու խաղաղ բնակիչները ենթարկվում են ծաղրանքի ու նվաստացուցիչ վերաբերմունքի:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 10-ի դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հայրենիք է վերադարձվել Հայաստանի 69 քաղաքացի և 16 ադրբեջանցի։