Բավ է պառակտվել
22-06-2020 20:32

Ի՞նչու չկալանավորեցին Գագիկ Ծառուկյանին՝ մեկնաբանում են ԱԺ խմբակցությունները

ԱԺ այսօր ճեպազրույցների օր էր։ Եվ խորհրդարանական խմբակցությունները անդրադարձան մի քանի կարևորագույն հարցերի, բայց հիմանկան թեման ԲՀԿ առաջնորդի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ունի քաղաքական վերահսկողություն:
«Քրեական գործի նյութերը բաժանված են եղել քաղաքական գործիչների, նախարարների, և նրանք դա հրապարակել են, ինչը օրենքի խախտում է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն, Մարուքյանի համոզմամբ, դրա համար բավարար ապացույցներ չկային:
«Եվ ես իմ խոսքի մեջ դատախազին ասել եմ, որ հնարավոր է` խորհրդարանը խայտառակ լինի: Երեկ դա տեղի է ունեցել, այսինքն՝ 87 մարդ հիմա հարցեր ունի իրենց համոզողներին: Բայց դա մեր խնդիրը չէ, մենք մեր համոզմունքն արտահայտել ենք, և դա հաստատվել է դատարանի որոշմամբ»,- ասաց Մարուքյանը:
Իսկ «Բարգավաճ Հայսաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ նախկինում հնչեցրած բոլոր տեսակետներն ուժի մեջ են, անկախ նրանից, թե դատարանը կիրակի ինչ որոշում է կայացրել:
«Կարող եմ ասել, որ սա ո՛չ մեր հաղթանակն է, ոչ էլ իշխանությունների պարտությունը: Սա ընդամնեը եկավ ապացուցելու օրենքի գերակայության, առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները:
Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները: Իրավական առումով մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ, և դատարանը հաստատեց մեր հնչեցրած տեսակետները»,- նշեց Տոնոյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ շեշտեց, որ խորհրդարանը համաձայնություն տալով Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն` ոչ թե դիրքորոշում է հայտնել, այլ միայն տվել է իր համաձայնությունը:
«Դատախազը ներկայացրել է հիմնավոր կասկած, որ անձը գտնվելով ազատության մեջ կարող է ազդել նախաքննության վրա,– ասաց նա,– խորհրդարանական մեծամասնությունն էլ տվել է իր համաձայնությունը:
Գաբրիելյանը չբացառեց,որ «Բարգավաճ Հայաստանը» կարող էր իր աղբյուրներն ունենալ դատախազությունում եւ ԱԱԾ-ում: Հետևաբար փետրվարին սկսված գործընթացն ինչ-որ կերպ հասանելի է դարձել «Բարգավաճ Հայաստանին»: Գաբրիելյանը նշեց, որ հացաքննվել է մի քաղաքացի, որը կապ է ունեցել ԲՀԿ-ի հետ եւ տվել է խոստովանական ցուցմունքներ: «Այդպիսով, պարզ է դառնում, որ նրանք իրենց աղբյուրներն են ունեցել»,- ընդգծեց պատգամավորը: Իսկ դատարանի որոշումնէլ մեկնաբանեց այս կերպ․ «Կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել նախաքննության վրա»:
Սակայն Ազգային ժողովի փոխխոսնակ, Ալեն Սիմոնյանն էլ ենթադրում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին չեն կալանավորել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու կորոնավիրուսի առկայությունը։
«Մեր քաղաքացիների մոտ տպավորություն է, որ ԱԺ այն քննարկումը, որի արդյունքում տեղի ունեցավ քաղաքական որոշում՝ դատարանը չընդունեց և բաց թողեց Գագիկ Ծառուկյանին»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերվում է դատական համակարգի անաչառությանը՝ հաշվի առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատվելն ու Գագիկ Ծառուկյանի չկալանավորվելը՝ Ալեն Սիմոնյանը նկատում է, որ ամեն դատական գործընթացից հետո կարիք չկա, որ ինքը տա գնահատական՝ համակարգի գնահատականը արդեն վաղուց հնչեցվել է։

 

 

Արմինե Գևորգյան