Բավ է պառակտվել
18-03-2016 16:55

Ինչու՞ է ՌԴ-ն դուրս բերում ռազմուժի հիմնական հատվածը Սիրիայից

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդհանուր առմամբ, հաջողված գնահատելով Սիրիայի տարածքում ավելի քան 5 ամիս տևած ռազմագործողության արդյունքները, հանձնարարեց պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ կազմակերպել ռուսական զորակազմի հիմնական հարվածային հատվածի դուրսբերման գործընթացն Արաբական Հանրապետությունից: Այս առիթով news.gsher.ru-ն զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ. «Որոշման վերաբերյալ շուրջ 10 րոպե տևողությամբ հրապարակված տեսանյութում հնչած յուրաքանչյուր արտահայտություն թիրախային էր՝ ուղղված ինչպես ՌԴ հասարակությանն, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում Մոսկվայի գործընկերներին ու հակառակորդներին, ինչպես նաև՝ որոշակի սահմաններ էր գծվում հետագայում Ռուսաստանի հնարավոր քաղաքական և ռազմական մանևրների համար»: Արաբագետի խոսքով՝ ՌԴ իշխանությունների նման որոշումն անակնկալ էր և անկանխատեսելի: «Այս ողջ գործընթացի հետ կապված ամենակարևոր հարցերը, թերևս, հետևյալն են՝ ինչու՞ հենց իրավիճակային ներկա փուլում կայացվեց նման որոշում և ինչու՞ նման կտրուկ կերպով: Այս համատեքստում, ցանկացած վերլուծության առանցքում պետք է դրված լինի հետևյալ դրույթը՝ «Ռուսաստանի գործողությունները բացառապես սեփական շահերի և հեղինակության տիրույթում են»»,-կարծիք հայտնեց փորձագետն ու ավելացրեց, որ գործընթացի ժամանակահատվածի ընտրությունը կարելի է պայմանավորել առկա հետևյալ իրավիճակային առանձնահատկություններով՝

1. Սիրիական հակամարտության շրջանակներում ձևավորվել են որոշ դրական և աննախադեպ իրողություններ, երբ միջազգային հանրության երաշխավորմամբ ու հովանու ներքո հաստատվել և շուրջ 2 տասնօրյակ հիմնականում շարունակում է գործել հրադադարի ռեժիմ հակամարտ որոշ դերակատարների միջև, իսկ նրանց ներկայացուցիչները Ժնևում բանակցային ձևաչափում փորձելու են համաձայնության գալ՝ երկրում անցումային կառավարման մարմին ձևավորելու հարցում:
2. Հնարավոր է՝ բավական լուրջ և սկզբունքային տարաձայնություններ են առաջացել Ռուսաստանի և Սիրիայի իշխանական բարձրագույն ներկայացուցիչների միջև:
«Երկրորդ իրավիճակի դեպքում, կարծես, բոլոր հարցերն ստանում են իրենց պատասխանները. նախապես Սիրիայից դուրս ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունները չխախտելու համար՝ Ռուսաստանը նպատակահարմար գտավ հենց նման եղանակով դադարեցնել իր անմիջական ռազմական ներգրավվածությունը հակամարտության շրջանակներում՝ սիրիական վարչակարգին և նրան հարող այլ ուժերին միայնակ թողնելով կարգավորման հետագա գործընթացներում»,-համոզմունք հայտնեց Արմեն Պետրոսյանն ու շարունակեց. թե իրավիճակային առաջին սցենարի պարագայում, Ռուսաստանի որոշումը կարելի է հիմնավորել հետևյալ իրողություններով.
1. Ինչպես և նախապես հայտարարվել էր, սիրիական հակամարտությանը ՌԴ ռազմական միջամտությունը լինելու էր որոշակի ժամանակային սահմաններում:
2. Ռուսաստանի ռազմական միջամտության արդյունքում նրա դաշնակիցը՝ սիրիական գործող վարչակարգը, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում շատ ավելի շահեկան դիրքերում է հայտնվել, քան մինչև 2015 թ. առաջին կեսի ընթացքում էր:
3. Ըստ էության, սիրիական հակամարտության հետ կապված Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն, ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փաստացի սիրիացիները, անհրաժեշտ խոհեմություն և պատրաստակամություն դրսևորելու պարագայում, ինքնուրույն կարող են վճռել իրենց իսկ ապագան:
Այս պարագայում հարց է առաջանում, թե ի՞նչ է շահում Ռուսաստանը՝ նման քայլ իրականացնելով: Արաբագետը պարզաբանում է.
«1. Նախ և առաջ, որոշ իմիջային հաղթաթղթեր: Եթե հակամարտությանը ուղղակիորեն ներգրավվելով՝ պաշտոնական Մոսկվան որոշակիորեն վերադարձրեց ռազմական գերտերության իր կարգավիճակը՝ ստիպելով աշխարհաքաղաքական հակառակորդներին հաշվի նստել իր խոսքի և շահերի հետ, ապա նման եղանակով դուրս գալով հակամարտությունից՝ Ռուսաստանը դրսևորում է սկզբունքային և հակամարտությունների՝ բացառապես քաղաքական կարգավորմանը կողմնակից պետության որակներ. պատահական չէ, որ ՌԴ-ի նման որոշումը ողջունվեց աշխարհաքաղաքական և միջազգային բոլոր կենտրոնների կողմից:
2. Հենց Ժնևում բանակցությունների մենարկի օրը Սիրիայից ռազմուժը դուրս բերելու որոշմամբ ՌԴ-ը, առնվազն կարճաժամկետ հեռանկարում, խթանում է քաղաքական գործընթացը նպաստում Սիրիայում ռազմական լարվածության նվազմանը:
3. Իրավիճակային առումով, հրադադարի ռեժիմի սահմանումից ի վեր ռուսական օդատիեզերական ուժերը որևէ լուրջ ռազմագործողություն չէին իրականացրել Սիրիայի տարածքում և, կարծես, չէին էլ պատրաստվում նախաձեռնել. հետևաբար նման ծավալի զորակազմ պահելը սեփական սահմաններից դուրս, այն էլ առանց նպատակային նշանակության, բավական ծախսատար գործողություն :
4. Սիրիական հակամարտության շրջանակներում նման շրջադարձային որոշմամբ Ռուսաստանը լուրջ նախադրյալներ է ստեղծում ուկրաինական ճգնաժամով և Ղրիմի հիմնախնդրով պայմանավորված տնտեսական պատժամիջոցների ռեժիմն էականորեն մեղմելու հարցում:
5. Ռազմաքաղաքական տեսանկյունից, նման քայլով ՌԴ-ի իշխանական վերնախավը փարատում է ընդդիմադիրների այն բոլոր հոռետեսական պնդումներն ու կանխատեսումները, որ Սիրիան կարող է երկրորդ Աֆղանստանի վերածվել Ռուսաստանի համար:
6. Ըստ էության, պապհպանում է ռազմական և ռազմավարական նշանակության լուրջ ներկայությունը Սիրիայի տարածքում»,-եզրափակեց մասնագետը:
Արաբագետ Արմեն Պետրոսյիանն առաջ է քաշում ևս մի կարևոր հարցադրում. ի՞նչ է կորցնում Ռուսաստանը՝ սիրիական հակամարտության ռազմական բաղադրիչում իր մասնակցությունը դադարեցնելով և տալիս հնարավոր պատասխանները.
«1. Էականորեն նվազում են սիրիական հակամարտության վրա ներազդելու նախկին առարկայական լծակները:
2. Նման կարևոր ժամանակահատվածում այսպիսի քայլով Ռուսաստանը զգալիորեն իջեցնում է հարաբերությունների մակարդակը սիրիական հակամարտության շրջանակներում իր գործընկերների՝ սիրիական կառավարության, լիբանանյան Հիզբալլահի, Իրանի հետ:
3. Առկա են էական տարբերություններ ռազմական միջամտությունից առաջ պաշտոնական Մոսկվայի կողմից հռչակված ռազմավարական նպատակների, քարոզչական նպատակով հայտարարված և իրականում արձանագրված արդյունքների միջև: Մասնավորապես, ամենաառանքայինը հռչակված՝ Սիրիայի տարածքում միջազգային ահաբեկչական կառույցների դեմ պայքարի հարցում, ի տարբերություն մյուս նախանշված ռազմավարական նպատակների, նվազագույն առաջընթաց է արձանագրվել: «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կառույցների դեմ գործողությունները հարվածել են հիմնականում կառույցների ռազմավարական ենթակառուցվածքներին, իսկ դիրքային առումով իրավիճակային դրական փոփոխությունները չնչին են:
4. Եթե խափանվի ներկայում սահմանված հրադադրի ռեժիմը, նաև ձախողվի սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը, ապա, կասկածից վեր է, զարգացումները կտեղափոխվեն ռազմադաշտ: Այս պարագայում վստահաբար բավական մեծ դերակատարություն կստանձնեն Ռուսասստանի՝ հատկապես մերձավորարևելյան հակառակորդներ հանդիսացող Սաուդյան Արաբիան ու Թուրքիան, ինչն էլ ի վերջո կարող է հանգեցնել Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը: Իսկ զարգացումների նման ընթացքի դեպքում հերթական անգամ լայն շրջանառում կստանա անվստահելի գործընկեր լինելու վերաբերյալ Ռուսաստանի հասցեին ոչ հազվադեպ հնչող մեղադրանքները»,-ավարտեց մասնագետը:

Տաթև Առաքելյան