Բավ է պառակտվել
11-02-2016 17:49

Ի՞նչու է ցայտնոտում հայտնվել Թուրքիան (քարտեզ)

Վերջին օրերին հանգուցային գործընթացներ են տեղի ունենում սիրիական հակամարտության շրջանականերում, ընդ որում՝ և՛ ռազմադաշտում, և՛ արտաքին դերակատարների շրջանում. ցայտնոտային իրավիճակ է ստեղծվել հատկապես Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում: Թեմայի շուրջ gisher.news-ն զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ. «Բանն այն է, որ դեռևս փետրվարի 3-ին սիրիական բանակային ստորաբաժանումների, վերջիններին հարող ազգային ինքնապաշտպանական ուժերի, լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության, ինչպես նաև ռուսական օդատիեզերական ուժերի համատեղ հաջող ռազմագործողություների արդյունքում Սիրիայի հյուսիսում, ճեղքվեց շիայաբնակ Նուբլ և ալ-Զահրա բնակավայրերի՝ արդեն մոտ 4 տարի շարունակվող պաշարման օղակը»: Արաբագետը նաև ընդգծեց, որ զարգացնելով հաջողությունները՝ կառավարական ուժերը ներքին զինված հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ կտրեցին մի կողմից ընդդիմադիր խմբավորումների և Թուրքիայի, մյուս կողմից՝ Հալեպի արևելյան շրջաններում և Իդլիբում ամրացած հակակառավարական խմբավորումների միջև կապը՝ դրանով իսկ փաստացի ծայրահեղ ծանր իրավիճակ ստեղծելով վերջինների համար: «Ըստ էության, վերոնշյալ շրջանները, որոնք էականորեն կախված են ինչպես Թուրքիայից ստացվող էներգակիրների, սննդի, դեղորայքի, սպառազինության մատակարարումներից, ներկայում հայտնվել են օրհասկան վիճակում»-նշեց Արմեն Պետրոսյանն ու հավելեց, որ ստեղծված իրավիճակում Իդլիբի մատակարարումները հնարավոր են միայն Բաբ ալ-Հաուա սահմանային անցակետի միջոցով, որը ևս, կարծես, թիրախավորվել է սիրիական կառավարական ուժերի կողմից:
Այսպիսով, ըստ փորձագետի, կարելի է փաստել, որ վերոնշյալ ռազմագործողությունների և հատկապես ռուսական օդուժի ակտիվ մասնակցության արդյունքում սիրիական հակամարտության ողջ ընթացքում երկրի հյուսիսում՝ Լաթակիայից մինչև Հալեպ Թուրքիայի կողմից ստեղծված ազդեցության գոտիները գրեթե ամբողջությամբ չեզոքացվեցին. հենց սրանով է պայմանվորված այն ցայտնոտային իրավիճակը, որում հայտնվել են թուրքական իշխանությունները, և հենց այս զարգացումներն էին, որոնք փակուղի մտցրին սիրիական հիմնախնդրի լուծմանը նվիրված «Ժնև 3» համաժողովը:
«Մյուս կարևոր խնդիրը, որն արդեն իսկ սպառնում է Անկարային՝ հումանիտար ճգնաժամի առջև կանգնած Հալեպի և Իդլիբի որոշ շրջաններից տասնյակ հազարավոր գաղթականների հոսքերն են դեպի Թուրքիա. ներկայում Հալեպի ուղղությամբ սիրիա-թուրքական սահմանի սիրիական հատվածում արդեն իսկ կուտակվել են ավելի քան 30 հազար գաղթականներ, առաջիկա օրերին նրանց թիվը կարող է հասնել 70-100 հազարի»-ասաց մասնագետը և ավելացրեց, որ առկա պայմաններում ռազմադաշտում իրավիճակի հետագա զարգացումը կախված է սիրիական բանակի և նրան հարող ուժերի հետագա գործողությունների տրամաբանությունից: Այս առումով, Արմեն Պետրոսյնաի խոսքով, ուրվագծվում են 3 հնարավոր սցենարներ: Առաջինի դեպքում՝ կառավարական ուժերը կդադարեցնեն հետագա առաջխաղացումը: «Հաջորդ հնարավոր սցենարը՝ Իդլիբի վերջնական ազատագրման գործողությունն է՝ միաժամանակ 3 ուղղություններով՝ Հալեպից, Լաթակիայից և Համայից իրականացվելիք հարձակումների արդյունքում: Իսկ 3-րդ հնարավոր տարբերակը Հալեպի վերջնական ազատագրման գործողությունն է»,-մանրամասնեց փորձագետը և շարունակեց. «Թե ինչպիսի ընթացք կստանան զարգացումները, ցույց կտան հատկապես Սիրիայից դուրս ծավալվող գործընթացները, և հատկապես՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռքբերվելիք դեռևս լատենտային փուլում գտնվող պայմանավորվածությունները»: (Կից քարեզում պարզորոշ արտացոլված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին օրերին ստեղծված իրավիճակը):

Տաթև Առաքելյան