Բավ է պառակտվել
02-02-2021 13:42

Ի՞նչու հայ ռազմագերիների վերադարձի հարցը չմտավ ԵԽԽՎ–ը օրակարգ

Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Նա նաև ամփոփել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի արդյունքները։

Ռուբինյանը նշել է, որ պատվիրակությունը չի ձախողել հայ գերիների վերադարձի հարցը. նպատակն այն քննարկման առարկա դարձնել է եղել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական պատվիրակությունը բարձրացրել էր «Հայ ռազմագերիներին և Ադրբեջանի իշխանության կողմից գերեվարված այլ գերիներին հայրենիք վերադարձնելու անհիմն ուշացման հարցը՝ որպես մարդու իրավունքների ոլորտում Եվրոպական միջազգային չափանիշների խախտում» հարցը: Սակայն ԵԽԽՎ բյուրոն հավանություն չէր տվել դրան՝ բավարարելով ադրբեջանական պատվիրակության հայտը։

«Ես ուղիղ կապի մեջ էի ԵԽԽՎ բյուրոյի մի քանի անդամների հետ, ու իրենք շատ անհարմար էին զգում, որ չեն կարող այդ հարցն օրակարգ մտցնել մի քանի պատճառներով»,–ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը։
Վերջինս նշեց, որ նրանց անհարմար զգալը հետագայում հանգեցրել է նրան, որ իրենց գրել էին՝ այդ հարցը զեկույցով կներկայացնեն:

«Ես ներկայացրեցի, որ Նավալնին ընդամենը մեկ բանտարկյալ է, ընդ որում՝ ինքն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ իր պայմաններն այդքան էլ վատը չեն, իսկ մենք ասում ենք, որ Ադրբեջանում կան հարյուրավոր երիտասարդներ, որոնց ճակատագիրն անհայտ է: Բոլորը համաձայնում էին, անխտիր», - ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ մի քանի երկրի պատվիրակությունից բացի, մյուսները հակաադրբեջանական տրամադրվածություն ունեին, «գտնում էին, որ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունները, ռազմական ուժ է կիրառել»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք հայկական կողմի թերացումը չէ, որ Նավալնու հարցը մտել է օրակարգ, իսկ հայ ռազմագերիներինը՝ ոչ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց, որ հայկական կողմի նպտակը եղել է ռազմագերիների հարցը բարձրացնելը, ինչը եղել է։
«Ակնհայտ էր, որ Նավալնու հարցն է առաջնահրթություն լինելու պատվիրակների մեծամասնության համար, և դրանով հանդերձ, մենք ռազմագերիների հարցը մտցրել ենք օրակարգ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միայնակ ակցիային, որտեղ նա բարձրացնում էր ռազմագերիների հարցը, ապա իմքայլական պատգամավորը նկատեց, որ պարոն Մարուքյանն էլ է ասել՝ տարբերություն չկա, թե պատվիրակության որ անդամն է ակցիա անում։
Էդմոն Մարուքյանի ակցիան նկարած իմքալական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ հավելեց՝ ակցիան նախաձեռնել է Էդմոն Մարուքյանը, բայց դա իրենք միասին են իրականացրել։

«Պետք է միշտ հաշվի առնել, որ անկախ մեր տարաձայնություններից, արտաքին ճակատում մենք միշտ հանդես ենք գալիս միասնական»,- ասաց նա։
Հովհաննես Իգիթյանը նաև ընդգծեց, որ գիտի՝ ինչպես է աշխատում ԵԽԽՎ-ն: Դիմելով լրագրողներին՝ նա նշեց, որ այնտեղ մթնոլորտը ստեղծվում է այստեղից գնացած տեղեկատվական ալիքներով:
«Լրիվ այլ տեղեկություններ են հասնում այնտեղ: Պատկերացրեք՝ գերիների հարցն այդ աղմուկի մեջ կորում էր, մարդիկ մեզ ուրիշ հարցեր էին տալիս, քաղաքական իրավիճակից էին հարցնում, նոր ընտրություններից: Պետք է այնպես անենք, որ թիվ մեկ խնդիրը, որն այստեղից դուրս է գալիս, համահունչ լինի մեր պատվիրակության աշխատանքի հետ: Նավալնիի հարցը նաև մտավ օրակագ այն պատճառով, որ Ռուսաստանից դուրս եկող տեղեկատվությունն ավելի մեծ էր, քան այն, ինչ Հայաստանից էր», - ասաց նա:

Արմինե Գևորգյան