Բավ է պառակտվել
05-07-2022 14:06

Ստորագրվել են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու մասին արձանագրությունները

Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Պեկկա Հաավիստոն և Անն Լինդեն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների դեսպանները դաշինքի կենտրոնակայանում կայացած պաշտոնական արարողության ժամանակ ստորագրել են Հյուսիսատլանտյան դաշինքին երկու երկրների միանալու մասին արձանագրությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը իրադարձությունների վայրից։
Ֆինլանդիան ու Շվեդիան կդառնան դաշինքի անդամներ՝ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների կողմից փաստաթղթերի վավերացումից հետո։

«Այսօր մենք պաշտոնապես ստորագրում ենք անդամակցության արձանագրությունը և սկսում ենք վավերացման ընթացակարգը: ՆԱՏՕ-ի դռները բաց են բոլոր եվրոպական ժողովրդավարությունների համար։ Սա լավ օր է Ֆինլանդիայի, Շվեդիայի և ՆԱՏՕ-ի համար, մենք ավելի ուժեղ կլինենք 32 անդամ երկրներով, իսկ մեր եր ժողովուրդներն՝ ավելի անվտանգ [այս պահին], երբ բախվել ենք տասնամյակների ընթացքում անվտանգային ոլորտում ծագած ամենալուրջ ճգնաժամին», - բացման արարողության ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարները շնորհակալություն են հայտնել ՆԱՏՕ-ի երկրներին, հույս են հայտնել, որ փաստաթղթերը շուտափույթ կվավերացվեն և խոստացել են իրենց ներդրումն ունենալ դաշինքի զարգացման գործում։

Հուլիսի 4-ին Ֆինլանդիան և Շվեդիան սկսեցին և մեկ փուլով ավարտեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները, ինչը բացարձակ ռեկորդ էր դաշինքի պատմության մեջ․ սովորաբար բանակցային գործընթացը տարիներ է տևում:

Թուրքիայի հետ բանակցություններ

Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան դիմեցին ՆԱՏՕ-ին միանալու համար, սակայն Թուրքիան անմիջապես արգելափակեց անդամակցության գործընթացը՝ պահանջելով այդ երկրներից քրդական կազմակերպություններին ահաբեկչական ճանաչել, Անկարային արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվողներին և վերացնել ՈԹուրքիային զենքի մատակարարման արգելքը։

Հունիսի 28-ին, Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, բանակցություններ ընթացան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի, Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև։ Դրանց արդյունքների հիման վրա ստորագրվեց հուշագիր, որը թույլ է տալիս Ստոկհոլմին և Հելսինկիին միանալ ՆԱՏՕ-ին։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի ղեկավարը, Անկարայի բոլոր պահանջները կատարվել են։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ մոտ ապագայում ակնկալում է ԱՄՆ որոշումը երկրին 40 արդիականացված F-16 կործանիչների խմբաքանակ մատակարարելու վերաբերյալ։