Բավ է պառակտվել
21-12-2021 11:57

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն արդեն մի քանի ամիս գտնվում են Հայաստանի տարածքում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է խնդրի լուծման ուղիները

ՀԱՊԿ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակով, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ ու հրետակոծություններ, որոնց արդյունքում, ցավոք, մարդիկ են զոհվում։ Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»,- ասել է Զասը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։
«Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում։ Բացի այդ, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար»,- ասել է Զասը։