Բավ է պառակտվել
25-05-2019 20:19

Մանրամասներ՝ Սարգսյան- Քոչարյան հանդիպումից և վերջինիս հետագա քայլերից

«Սա պլանային բուժզննություն էր, որի հնարավորությունը ինքը անցած ամիսների ընթացքում չի ունեցել»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ էր տարել Քոչարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Փաստորեն առողջական խնդիրներ չունի՞, հարցին Սողոմոնյանը պատասխանեց․ «Փառք Ասծտո չունի»։

Վիկտոր Սողոմոնյանը անհեթեթություն որակեց այն տեղեկությունները, թե այս ամենը արվում է նրա համար, որ հետագա բուժումն արտերկրում կազմակերպելու պատրվակով Քոչարյանը լքի Հայաստանը։ Հարցին, թե ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Սողոմոնյանը նշեց․ «Ես հանդիպմանը ներկա չեմ եղել, տեղյակ եմ, որ անձնական հանդիպում էեղել, հետեւաբար մանրամասներից տեղյակ չեմ»։ Երկրորդ եւ երրորդ նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի տանը։ Բացի Սարգսյանից, այլ նախկին պաշտոնյաներ այցելել են Քոչարյանին, մասնավորապես Հովիկ Աբրահամյանը եղել է Քոչարյանի տանը, հարցին Սողոմոնյանը պատասխանեց, որ տեղեկություններ չունի, բայց ամենայն հավանականությամբ ոչ ոք չի այցելել։

Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս գալու մտադրություն ունի մեր հարցին ի պատասխան էլ Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ նման մտադրության մասին տեղյակ չէ։

Վիկտոր Սողոմոնյանը շարունակեց պնդել, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքն ապօրինի է եղել, եւ վեց ամիս շարունակ նա ապօրինի է կալանավորված եղել։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի հետագա քայլերին, ապա գրասենյակի ղեկավարն ասաց, որ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը անձամբ այդ հարցերին կպատասխանի։