Հայաստանի առջև վեկտորը փոխելու հարց կանգնած չէ, բայց իշխանությունները նոր միջոցներ են փնտրում երկիրը պաշտպանելու համար, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դեպի Արևմուտք վեկտորի հարց չկա, կա անվտանգության ապահովման հարց։ Մենք ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում»,- ասաց նա երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ինչով է պայմանավորված Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը Հայաստան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ մի շարք կարևոր հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշման մեջ հակասություններ են տեսնում։ Մասնավորապես, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, խոսքը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային անվտանգության ամենալուրջ խնդիրների վերաբերյալ գնահատականների տարբերության մասին է։
Նրա խոսքով, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպմանը Մոսկվա ժամանելու չեղարկումը (23.12.2022թ.) խանգարեց ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակին քննարկմանը։