Բավ է պառակտվել
14-10-2020 12:35

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորումը հնարավոր է. Լավրով

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորումը հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններն այս առումով մնում են բանակցությունների սեղանին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճիշտ է համարում, որ Ղարաբաղում ռուս դիտորդներն իրավիճակը հսկեն

 «Կարծում եմ, որ այս պահին բավարար կլիներ, որ Ղարաբաղում լինեին դիտորդներ, ոչ թե խաղաղապահներ», – ասաց Լավրովը։

Հարցին, թե խոսքը ռո՞ւս դիտորդների մասին է` Լավրովը պատասխանեց` ճիշտ կլիներ, եթե ռուսները լինեին, սակայն վերջնական որոշման պետք է երկու կողմերը հանգեն։

Լավրովը կարծում է, որ Ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորումը հնարավոր է և պետք է ընթանա պայմանավորվածությունների իրականացմանը զուգահեռ։
«Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է: Դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային, աստիճանական ազատագրումն է Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ եւ մինչեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի ապահովմամբ», - ասել է Լավրովը:

Նա հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

«Մենք չենք ընդունում Ադրբեջանի նախագահ Ալիևի դիրքորոշումը, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Խաղաղ կարգավորումը միակ լուծումն է, որը կապահովի հարատև խաղաղություն և զարգացում»,- մասնավորապես ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ հակամարտությունների ռազմական որևէ լուծում իր հետ չի բերել կայուն խաղաղություն:
«Թուրքիայի նախագահի ցանկացած քաղաքականություն՝ ցանկացած ուղղությամբ, պետք է բխի իրականությունից»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը հավելել է նաև, որ Ռուսաստանը Թուրքիային համարում է սերտ գործընկեր, այլ ոչ թե ռազմավարական դաշնակից։ «Մենք երբեք Թուրքիային չենք որակել որպես մեր ռազմավարական դաշնակից։ Նա շատ սերտ գործընկեր է, շատ ուղղություններով այդ գործընկերությունը ռազմավարական բնույթ ունի», - ասել է ԱԳ նախարարը:

Արմինե Գևորգյան