Բավ է պառակտվել
10-04-2023 14:54

Politico-ին հայտնի է դարձել, որ ԵՄ-ն Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պարեկություն իրականացնելու վերաբերյալ տվյալներ

Բրյուսելը Բաքվին տեղեկություններ է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն իրականացնելու մասին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն «Բաքվի հետ այլ սցենարի» հույս ուներ։ «Մենք Ադրբեջանին ենք փոխանցում պարեկության և այլնի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր ունենալ»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Իր հերթին, ԵՄ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովը հայտարարել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի հետ սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում։

«Դա տեղի է ունենում մեր իսկ սահմանային կետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ կան ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և Իրանի սահմանին մոտ՝ իրանցի զինվորականներ»,- ասել է Սադիգովը։ Նրա կարծիքով, այս առաքելությունը կարելի է դիտարկել «որպես Բրյուսելի փորձ՝ ուժեղացնելու իր ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»։

ԵՄ առաքելության մասին

2023 թվականի փետրվարի 20-ից Հայաստանում գործում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA)՝ երկամյա մանդատով՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։ EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ։

ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված է Եղեգնաձորում (ՀՀ Վայոց ձորի մարզ): Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացումն է, վստահության և մարդկանց անվտանգության ձևավորումը հակամարտությունից տուժած շրջաններում և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար նպաստավոր պայմանների ապահովումը։