Բավ է պառակտվել
05-05-2015 11:53

Ընտրությունները ԼՂՀ-ի համար առիթ էր, որպես անկախ սուբյեկտ ներկայանալու համար

«Արցախում տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական ընտրությունները թե ներքին քաղաքական կյանքի և թե միջազգային ասպարեզում ներկայանալու առումով կարևոր նշանակություն ունեին»,-gisher.news-ի նետ զրույցում նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանն՝ անրադառնալով մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններին: Փորձագետի խոսքով՝ նախ հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ԼՂՀ-ում տեղի են ունենում ժողովրդավարական երկրներին հատուկ քաղաքական գործընթացներ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն ունի իրական անկախություն և չնայած առկա կիսապատերազմական վիճակին, այդուհանդերձ քաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով: «Իրենց հերթին միջազգային դիտորդներն էլ հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ համոզվելու, որ տեղի ընտրությունները` ի տարբերություն հարևան Ադրբեջանի, անցնում են շատ ավելի բաց և թափանցիկ` համապատասխանելով միջազգային չափանիշներին»,-ընդգծեց քաղաքագետն ու հավելեց, որ ընտրությունների անցկացման ընթացքում էական նշանակություն ուներ միջազգային հանրության ուշադրությունն այդ գործընթացների վրա կենտրոնացնելու հանգամանքը: Արամ Մանուկյանի համոզմամբ՝ ԼՂՀ համար սա հերթական առիթն էր միջազգային հանրությանը որպես անկախ և ինքնուրույն սուբյեկտ ներկայանալու համար և այդ առումով գոհացուցիչ պետք է համարել, որ ընդգրկված միջազգային դիտորդական առաքելություններն ու պատվիրակությունները հիմնականում դրական են արտահայտվել անցկացված ընտրությունների վերաբերյալ. «Ինչը կարելի է համարել ԼՂՀ միջազգային ճանաչմանը նպաստող հերթական կարևոր քայլերից»,-եզրափակեց զրուցակիցս:

Տաթև Առաքելյան