Բավ է պառակտվել
12-06-2020 14:09

Ոստիկանները բերման ենթարկեցին իրավապաշտպաններին (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա անող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։
Ոստիկանությունն ասաց, թե Մելիքյանին բերման են ենթարկում ոստիկանության պահանջը չկատարելու համար։ «Սա ապօրինություն է», - հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։
Բերման ենթարկվեցին նաև Մելիքյանին միացած այլ քաղաքացիներ։ Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն Ազգային ժողովի դիմաց ակցիա է անում՝ ընդդեմ խաղաղ հավաքների սահմանափակումների։

«Մենք պահանջ ենք դնում ՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքներ անելու ազատությունը, արդեն չորրորդ ամիսն է՝ խաղաղ հավաքների ազատությունը վերացված է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մելիքյանի խոսքով՝ երեկ եվրոպական որոշակի կառույցներ կայացրեցին շատ մտահոգիչ հայտարարություններ Արցախի հետ կապված։
«Ինչո՞ւ հիմա ՀՀ քաղաքացիները չեն կարող գնալ Եվրամիության գրասենյակի շենքի մոտ ու բողոքի միջոցառում անցկացնել, էլ չեմ խոսում ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բազմաթիվ խնդիրների մասին», - ասաց իրավապաշտպանը։
Ռուբեն Մելիքյան ասաց, թե իշխանությունը զերծ չի մնում արտակարգ դրության հետ կապված չունեցող օրենքներ, կոնվենցիաներ ընդունելու գայթակղությունից։

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անհեթեթ է որակում հավաքների արգելքի մասին որոշման երկարաձգումը։

«Սա ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում է, այլև Սահմանդրության, օրենսդրության, կոնվենցիաների, որոնք մենք միացել ենք։ Ինձ շատ բարկացրեց դեպքը, երբ մարդը միայնակ ակցիա է իրականացնում կառավարության դիմաց, ոստիկանները հեռացնում են նրան»,-ասաց Ալավերդյանը։

Ալավերդյանը արդարացի է համարում իրավապաշտպանի պահանջը։ Վերջինս նույնպես պահանջում է վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը։
«Համավարակի օրերեին իշխանությունը հայտնվել է անօգնական վիճակում, և դիմել է ամենահեշտ ու կտրուկ մեթոդին՝ հավաքների արգելքին։ Ես բարձրացնում եմ իմ բողոքի ձայնը արտակարգ դրության պայմաններում նման անհեթեթ արգելքների վերաբերյալ»,-նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ հավաքների արգելքը չի բխում նաև պետության, իշխանությունների շահերից։