Բավ է պառակտվել
02-05-2022 18:15

Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ընդդիմության ակցիայի 244 մասնակցի

Այս պահին ոստիկանությունը բերման է ենթարկել երկուշաբթի օրը Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների 244 մասնակցի։ Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Մայիսի 2-ի վաղ առավոտյան ընդդիմության կոչով քաղաքացիները անհնազանդության լայնածավալ ակցիաների շրջանակում մի քանի ժամով փակել են մայրաքաղաքի առանցքային փողոցներն ու խաչմերուկները, ինչպես նաև Երևանի բնակելի թաղամասերը կենտրոնի հետ կապող մայրուղիները։

Առավոտյան Երևանի մեծ կենտրոնում երթևեկությունը խափանված էր, և ոստիկանները, բիրտ ուժի կիրառմամբ, բերման էին ենթարկում ցուցարարներին։ Ըստ լրատվամիջոցների՝ նրանց թվում եղել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ ու պատգամավորներ։

Ընդդիմության պայքարը Երևանում

Շուրջ երկու շաբաթ է, ինչ Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները բողոքի երթեր են կազմակերպում Երևանում, Հայաստանի քաղաքներում և գյուղական համայնքներում՝ կոչ անելով համախմբվել երկրի իշխանությունների գործողությունների դեմ։
Ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում ցուցարարներին։ Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունների քաղաքականությունը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։