ԱՄՆ իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, անհրաժեշտության դեպքում, կարող են նավթի լրացուցիչ ծավալներ բաց թողնել ռազմավարական պաշարներից, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում՝ «հետաքննելու ռուս օլիգարխների հանցագործությունները»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև՝ «Երկրում վիճակի մասին» ամենամյա ուղերձով։
Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ «Ամերիկան ուկրաինացիների կողքին է», բայց, միևնույն ժամանակ, կրկնել է, որ ԱՄՆ զինուժը «չի ներգրավվի Ուկրաինայում ռուսական ուժերի հետ հակամարտության մեջ»։ ՏԱՍՍ-ը ներկայացրել է ամերիկացի առաջնորդի հիմնական հայտարարությունները։
Երկինքը փակելու մասին
ԱՄՆ իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. «Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին՝ փակելով ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար»։
Նավթի մասին
Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, անհրաժեշտության դեպքում, կարող են նավթի լրացուցիչ ծավալներ բաց թողնել ռազմավարական պաշարներից։ «Այսօր ես կարող եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը 30 այլ երկրի հետ միասին գործողություններ է ձեռնարկել՝ 60 միլիոն բարել նավթ բաց թողնելու պաշարներից աշխարհով մեկ։ Ամերիկան այս հարցում առաջատար դեր կխաղա»:
«Ռուս օլիգարխների հանցագործությունների» մասին
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում՝ հետաքննելու նման «հանցագործությունները»։ «Այսօր ես ասում եմ ռուս օլիգարխներին և կոռումպացված առաջնորդներին, ովքեր միլիոնավոր դոլարներ են ստացել իշխանություններից․ բավական է։ Արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է հավաքում ռուս օլիգարխների հանցագործությունները հետաքննելու համար»:
Այս ուղղությամբ ԱՄՆ-ը նաև մտադիր է միավորել ուժերը եվրոպացի դաշնակիցների հետ՝ խլելու «ապօրինի ձեռք բերած հարստությունը»՝ զբոսանավերը, շքեղ բնակարանները, մասնավոր ինքնաթիռները։
Ուկրաինային աջակցության մասին
ԱՄՆ-ն «ուկրաինացիների կողքին է» և հիացած է նրանց «խիզախությամբ»։ «Ինչպես [Ուկրաինայի] նախագահ Վլադիմիր Զելենսկին, այնպես էլ բոլոր ուկրաինացիները բառացիորեն հիացնում են աշխարհն իրենց խիզախությամբ, քաջությամբ և վճռականությամբ»: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի զինուժը «չի մասնակցում Ուկրաինայում ռուսական ուժերի հետ հակամարտությանը և չի պատրաստվում դա անել», այլ գնում է Եվրոպա՝ «պաշտպանելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այն դեպքում, եթե [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը որոշի գնալ դեպի Արևմուտք»:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
Միացյալ Նահանգներն «իր դաշնակիցների հետ կիրառում է հզոր տնտեսական պատժամիջոցներ», «կտրելով ռուսական խոշորագույն բանկերին միջազգային ֆինանսական համակարգից», իբր «զրկելով ՌԴ Կենտրոնական բանկին ռուբլին պաշտպանելու հնարավորությունից», «կտրելով Ռուսաստանը հասանելիությունը տեխնոլոգիաներին, ինչը կծառայի նրա տնտեսական հնարավորությունների հյուծմանը և երկար տարիներով կթուլացնելի նրա զինված ուժերը»:
Բացի այդ, իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու ամերիկյան բիզնեսը և ամերիկացի սպառողներին այդ պատժամիջոցների հնարավոր ազդեցությունից։
Միասնության մասին
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «թուլացնում են Ռուսաստանին և մնացած աշխարհն ավելի ուժեղ են դարձնում»։ «Մենք տեսնում ենք երկրների առաջնորդների միասնությունը, ավելի միասնական Եվրոպա և ավելի միասնական Արևմուտք»: