Ակնհայտորեն ավելացել են Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանում: Հայ ժողովրդի անվտանգության ապահովումը տարածաշրջանում եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որում քննարկվում են հետպատերազմյան Հայաստանում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները:
«Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,- նշել է նախարարը: Առաջնահերթ պետք է ձևավորվի խաղաղության նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից նկատելի չեն, որը վկայում է նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ:
«Միևնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջմղումը»,- նշել է Այվազյանը: