Բավ է պառակտվել
27-09-2021 11:31

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում կքննարկվեն արցախյան հակամարտության հետևանքները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային և այս տարվա եզրափակիչ նստաշրջանը տեղի կունենա Ստրասբուրգում սեպտեմբերի 27-30-ը։ Կազմակերպության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ օրակարգի հիմնական կետերն են լինելու կլիմայի փոփոխության հետ կապված հարցերը։

«Աշնանային նստաշրջանի ծրագրի հիմնական կետերն են բարձր մակարդակի պանելը, «Շրջակա միջավայրը և մարդու իրավունքներն. անվտանգ, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունք» թեմայով ինտերակտիվ բանավեճեր, ինչպես նաև բանավեճերի մի ամբողջ օր այդ թեմայով»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Համաձայն օրակարգի նախագծի, որը դեռևս պետք է հաստատվի երկուշաբթի նստաշրջանի բացման ժամանակ, չորեքշաբթի տեղի կունենա անմիջապես յոթ բանավեճ կլիմայի փոփոխության և դրա հետևանքների թեմայով։
Նստաշրջանի օրակարգի հաստատման ընթացքում կընդունվի որոշում նաև շտապ և ընթացիկ դեբատների վերաբերյալ, ներկա պահին դրանք հինգն են։ Շտապ դեբատների նախաձեռնողներն առաջարկում են բանավեճեր անցկացնել և դրանց արդյունքներով ընդունել բանաձևեր Աֆղանստանի իրավիճակի, Բելառուսի հետ Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի սահմանին աճող միգրացիոն ճնշման, ինչպես նաև համակարգչային հանցագործությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի արձանագրության նոր նախագծի մասին։ Հաշվի առնելով, որ ԵԽԽՎ կանոնակարգով մեկ նստաշրջանի ընթացքում շտապ դեբատները կարող են անցկացվել առավելագույնը երկու անգամ՝ նշված թեմաներից մեկը կմերժվի։ Բացի այդ, վեհաժողովի քարտուղարությունը ստացել է դեբատների երկու հայտ ընթացիկ ձևաչափով (առանց դրնաց արդյունքներով բանաձևերի ընդունման) ԵՄ և Արևմտյան Բալկանների երկրների միջև կապերի, ինչպես նաև «Ռուսաստանի կողմից Ղրիմի բնիկ ժողովուրդների քաղաքական հետապնդումների» մասին։
Առաջին օրը պատգամավորները նաև կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հեռևանքները Հայաստանի և Ադրբեջանի համար, իսկ ԵԽԽՎ ղեկավարությունը կհայտարարի Վացլավ Հավելի մրցանակի դափնեկրին։ Այս տարի երեքից միայն երկու թեկնածու է նշվել. միջազգային ոչ կառավարական «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը և բելառուսական ընդդիմության ներկայացուցչուհի Մարիա Կոլեսնիկովան, որին սեպտեմբերի սկզբին Մինսկում դատապարտել են 11 տարվա ազատազրկման։ Մրցանակի երրորդ թեկնածուի անունը չի նշվում «անվտանգության նկատառումներով»։
Այլ թեմաների շարքում շաբաթվա ընթացքում կքննարկեն սոցիալ-տնտեսական անհավասարությունը Եվրոպայում, վեհաժողովի գենդերային կազմը, պայքարը «պատվի հանցագործությունների» դեմ։ Վեհաժողովի առջև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անունից հայտարարությամբ հանդես կգա Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն, սպասվում են առողջապահության եվրահանձնակատար Ստելա Կիրիակիդեսի և Հյուսիսային Մակեդոնիայի փոխվարչապետ Նիկոլա Դիմիտրովի ելույթները։ Նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի ավանդական դիմումը պատգամավորներին, որից հետո նա կպատասխանի նրանց հարցերին։
Նստաշրջանը համավարակի պայմաններում
Այս նստաշրջանն, ինչպես և այս տարի անցկացված մնացած բոլորը, կկազմակերպվի հիբրիդային ձևաչափով, երբ պատգամավորների մի մասը դեբատներին կմասնակցի տեսակապով։
Ռուսական պատվիրակությունն ամբողջ կազմով որոշել է նստաշրջանի աշխատանքներին մասնակցել հեռավար ձևաչափով: Միևնույն ժամանակ, ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Կրուգլին հայտնել է, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ռուսական պատվիրակությանը արգելվել է ազատ տեղաշարժը Ստրասբուրգում՝ ԵՄ -ում հաստատված պատվաստանյութերից մեկով պատվաստման վկայականի բացակայության պատճառով, որն իր դերն է ունեցել մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշման կայացման ժամանակ: