Բավ է պառակտվել
11-10-2022 15:35

ԵՄ դեսպանները համաձայնել են քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան․ աղբյուր

ԵՄ դեսպանները երեքշաբթի օրը պայմանավորվել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը կտեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելսւ և սահմանների սահմանազատման գործընթացին աջակցելու համար։ Որոշումն ընդունվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, «Ազատություն» ռադիոկայանին են փոխանցել դիվանագիտական ​​աղբյուրները։

Այժմ քննարկվում են դրա իրականացման մանրամասները․ առաքելության քանի անդամ կլինի, որ երկրներից և երբ կժամանեն Հայաստան։ Այնուամենայնիվ, պարզ է, որ առաքելությունը կժամանի, ասել է աղբյուրը։

Առաքելության կարևորության մասին երեկ Եվրախորհրդարանում խոսեց նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Անդամ պետությունների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը կարևոր է Եվրամիության խաղաղության ջանքերն իրագործելու համար», - ասաց նա։

Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Բաքուն, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:

Նախօրեին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ և տեղեկացրել է Բաքվին Հայաստան առաքելություն ուղարկելու մասին։

Ըստ քառակողմ հայտարարության՝ այն իր աշխատանքը պետք է սկսի հոկտեմբերին և գործի երկու ամիս։

Դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը կարող է Հայաստան ժամանել Վրաստանից, որտեղ ԵՄ առաքելությունը գտնվում է 2008 թվականի սեպտեմբերից՝ ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո։

Հայաստանի դեպքում դիտորդների առաջնահերթությունը լինելու է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար զեկույցների պատրաստումը։