Բավ է պառակտվել
29-10-2018 18:56

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը մեկնաբանել է ամերիկյան զենքի գնման մասին Բոլթոնի հայտարարությունը

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանի՝ ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու մասին հայտարարությունը:

“Իրականում, պարոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ մեր երկրի զենքի ձեռքբերման հարցը չի քննարկվել, դա բանակցությունների առարկա չի եղել։ Հարցազրույցում Բոլթոնը խոսել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից զենքի վաճառքի խոչընդոտների վերացման հնարավորության մասին”, - ասել է դեսպանը ”Էխո Մոսկվի»թերթին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միայն հայտարարել է շահավետ առաջարկի քննարկման իր պատրաստակամության մասին:

“Նախ, առաջարկներ չեն եղել։ Երկրորդ, պետք է հաշվի առնել, որ զենքի շուկան, մի կողմից, սովորական շուկա է, բայց այստեղ առկա է որոշ ռազմաքաղաքական իրականություն։ Այս ոլորտում մենք շատ սերտ աշխատում ենք Ռուսաստանի հետ, մեր զինված ուժերը, սպաները հարմարված են ռուսական զենքին և սպասարկմանը, և մենք ունենք համապատասխան պայմաններ», - ասել է Տողանյանը։

Դեսպանը նաև հիշեցրել է, որ Հայաստանն ունի Ռուսաստանի ներքին գներով զենք գնելու հնարավորություն:

«Գոյություն ունի արտահանման վարկային համաձայնագիր, վերջին տարիներին Հայաստանն օգտվել է 200 մլն․դոլար վարկից, ապա բացվել է երկրորդ՝ 100 մլն դոլար գիծը”, - ասել է Տողանյանը։

Նրա խոսքերով, այդ դրական նախաձեռնությունները պետք է շարունակվեն: