Բավ է պառակտվել
04-04-2022 19:55

Ֆրանսիայի դեսպանը մտահոգիչ է անվանել իրադրությունն Արցախում

Երկուշաբթի օրը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն մտահոգիչ է համարել իրադրությունն Արցախում։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամլո ծառայությունը։
Ռուբինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի վերաբերյալ:

Լարվածության սրացում Արցախում

Մարտի 24-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները ներխուժել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարք։ Մարտի 26-ին հակառակորդն Արցախի արևելյան սահմաններում առաջխաղացման նոր փորձ է ձեռնարկել. Հակառակորդը կրել է մեծ կորուստներ, հայկական կողմն ունի երեք զոհ և 15 վիրավոր։

Արցախի ՊՆ-ի վերջին տվյալների համաձայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում, դիրքային փոփոխություներ չեն եղել։ :Շարունակվում է աշխատանքը ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ադրբեջանական զինված ուժերն իրենց ելման դիրքեր վերադարձնելու նպատակով:

2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ 2022թ․ մարտի 21-ի դրությամբ Արցախում 44-օրյա պատերազմում զոհվել է 3822 մարդ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ, ադրբեջանական գերությունից վերադարձվել է 150 մարդ։