Բավ է պառակտվել
02-06-2017 14:48

Ֆրանսիայի դեսպանը համոզված է, որ աշնանը ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի (Տեսանութ)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը համոզված է, որ Բրյուսելում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Եվրամիության միջև ավելի վաղ նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը կստորագրվի:
Այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեին հարց ուղղվեց՝ արդյո՞ք այս անգամ էլ չի կրկնվի ասոցացման համաձայնագրի հետ կապված պատմությունը, երբ 2013թ. Հայաստանը հրաժարվեց փաստաթղթից, որի շուրջ ԵՄ-ի հետ չորս տարի բանակցում էր, և հայտարարեց Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին:

«Ֆրանսիան Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման եռանդուն կողմնակիցներից է: Ֆրանսիան միշտ հանդես է եկել հօգուտ Հայաստանի, քանի որ, ինչպես գիտեք, որոշ երկրներ այնքան էլ ոգևորված չէին: Պատճառներին չէի ցանկանա անդրադառնալ: Հայաստանի և Եվրամիության միջև նոր փաստաթղթի ստորագրումը շատ կարևոր է հենց այս տարածաշրջանում հավասարակշռության համար»,- ասել է դեսպանը:
Չնայած, որ նոր փաստաթուղթը հատկապես տնտեսական տեսանկյունից շատ ավելի համեստ է՝ նախորդ ասոցացման համաձայնագրի համեմատությամբ, այդուհանդերձ Եվրամիության առաջատար երկրներից մեկի դեսպանն ընդգծեց, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ևս բովանդակալից է և խիստ կարևոր:

Պատասխանելով հնչեցրած հարցին դեսպանն անդրադարձավ նաև ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, ընդգծելով, որ ԱԺ վերջին ընտրութունները անհամեմատ խաղաղ և հանգիստ էին: Շարպանտիեն ընդգծել է նաև ընտրակաշառքների բացասական դերը.« Ցավում եմ, որ եղել է ընտրակաշառք: Քվեների գնման այդ իրողությունը բացասական է թե՛ տվողի, թե՛ վերցնողի համար, և ազդում է ապագայի վրա: Քաղաքացու համոզմունքն ու պատգամավորի դիրքորոշումը հանդիսանում են ժողովրդավարության հենքը: Ինչպես ասում է Նիցշեն՝ այն, ինչ գնվում է, շատ մեծ արժեք չունի»,- ասել է դեսպանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող և ղարաբաղյան հակամարտության խնդրում միջնորդական առաքելություն իրականացնող Ֆրանսիաի դեսպանը նաև ընդգծել է, որ միջնորդները կարող են միայն առաջարկներ անել, սական վերջնական համաձայնության պետք է գան Հայաստանն ու Ադրբեջանը:

Դիտարկմանը, որ Մինսկի խումբը՝ հայկական կողմի գնահատմամբ միայն վերջերս հանդես եկավ հասցեական հայտարարությամբ՝ մատնանշելով սահմանին Ադրբեջանի նախահարձակ գործողությունները, Շարպանտիեն պատասխանեց, որ միջնորդները նախկինում էլ են հասցեական արձագանքել.« Նախորդ հայտարարությունները նույնպես հասցեական էին, եթե կարդանք տողատակերը»,- ասել է նա:
Մեկնաբանելով Եվրամիության և Հայաստանի միջև վիզայի ազատականացման հնարավորությանը՝ դեսպանը նշել է, որ առաջիկայում ստորագրվելիք համաձայնագրում ևս այս հարցը կա, բայց դեռևս հարկավոր է սպասել շրջանակային համաձայնագրի վերջնական ստորագրմանը և միայն հետո մտածել վիզաների վերջնական ազատականցման մասին:

Չնայած դրան, Ֆրանսիաի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ շենգենյան գոտու երկրների շարքում դեսպանատունը վիզաների տրամադրման հարցում ամենից քիչը մերժում է Հայաստանի քաղաքացիներին:
Խոսելով Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի օրոք հնարավոր փոփոխությունների մասին՝ Շարպանտիեն համոզմունք է հայտնել, որ արտաքին քաղաքականութան մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի: