Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն իր ամանորյա շնորհավորական ուղերձում հայ ժողովրդին մաղթել է, որ 2023 թվականին վերականգնվի խաղաղությունը։
«Մինչ Եվրոպան վշտացած է պատերազմի հետևանքով, և լարվածությունը շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, ես ցանկանում եմ, որ 2023 թվականին վերականգնվի խաղաղությունը, որպեսզի վերջապես մեր երիտասարդությունը կարողանա ամբողջությամբ նվիրվել իր ապագայի կերտմանը և ժողովրդավարության ամրապնդման ու կայուն զարգացման համընդհանուր մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի հետ մեկտեղ»,- ասված է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում Անն Լուոյի երկու լեզվով հրապարակված շնորհավորանքում։
Նա նշել է, որ 2022 թվականը Հայաստանի համար ևս մեկ փորձառություններով լի տարի էր՝ պայմանավորված մի քանի արյունալի ներխուժումներով նրա ինքնիշխան տարածք, ինչը Ֆրանսիան վճռականորեն դատապարտել է։ «Ֆրանսիան շարունակել է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը: Այդ նպատակով նախագահ Մակրոնը վճռականորեն աջակցել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը, ինչը նվազեցրել է լարվածությունը»,- ընդգծել է Լույոն։
2023 թվականին Ֆրանսիան կշարունակի ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ համակարգված և բազմակողմ գործունեության միջոցով, նշել է դեսպանը։
Լաչինի միջանցքի շրջափակումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասությունը
Դեսպանը հայտարարել է նաև դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի (Ադրբեջանի կողմից-խմբ.) արգելափակման անընդունելիության մասին, որը հղի է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հումանիտար լուրջ հետևանքներով։
«Ֆրանսիան անմիջապես կոչ արեց անհապաղ և առանց նախապայմանների վերացնել տեղաշարժի խոչընդոտները և հիշեցրեց Ադրբեջանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ֆրանսիան Հայաստանի իշխանությունների խնդրանքով նախաձեռնեց թեման ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այս հանդիպմանը, կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, հաջորդեց 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում հանրային ձևաչափով նոր արտակարգ նիստը»- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն շարունակի իր իրավասությունը այս գործի շրջանակում, և հաշվի առնելով իրավիճակը, կարողանա երկար տարիների ընթացքում առաջին անգամ միաձայն արտահայտվել այս թեմայի շուրջ:
Համագործակցության ընդլայնում
Հիշեցնելով, որ 2022 թվականին լրանում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, Լույոն ընդգծել է, որ 2023 թվականին Փարիզը կշարունակի ջանքերը նպաստելու Հայաստանի զարգացմանն ու տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու ֆրանս-հայկական տնտեսական ճանապարհային քարտեզի մոնիտորինգին Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրով սահմանված համատեքստում և սույն փաստաթղթի նպատակներին համապատասխան։
Դեսպանը հիշեցրեց, որ հունիսին Լիոնում անցկացված ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության ֆորումը հնարավորություն է ընձեռել նոր նախագծեր սկսել, մասնավորապես, Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի և Սյունիքի մարզի միջև: «Այդ երկկողմ փոխանակումները կշարունակվեն 2023 թվականին, մասնավորապես՝ կապված Ազգային ժողովի նախագահ տիկին Յաել Բրոն-Պիվեի Երևան կատարելիք այցի հետ»,- ընդգծել է Լույոն։ Նա նաև մատնանշել է Ֆրանսիայի մտադրությունը՝ շարունակելու համագործակցության ծրագրերը մշակութային և կրթական ոլորտներում։