Շուտով Հայաստան կժամանի Չինաստանի նոր դեսպանը. Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարի եթերում հայտարարեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը։
Նա ընդգծել է, որ դեսպանի նշանակումը կարեւոր քայլ կլինի հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։
Նրա խոսքով, Հայաստանում Չինաստանի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել, և Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտում սովորող ուսանողների թիվն արդեն գերազանցել է 5000-ը։
«Ցանկանում եմ նշել նախկին դեսպան պարոն Ֆան Յանի զգալի ներդրումը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում։ Սակայն նույնիսկ նրա դիվանագիտական առաքելության ավարտից հետո մեր երկկողմ հարաբերությունները շարունակեցին հաջողությամբ զարգանալ»,- նշել է Չեն Մինգը։