Բավ է պառակտվել
02-12-2022 11:40

Հայաստանում ՌԴ դեսպանը ներկայացրել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ ՀԱՊԿ-ը գործում է իրական իրավահավասարության և պետությունների ինքնիշխանության հարգանքի հիման վրա։

«Այդ պատճառով միշտ չէ, որ հաջողվում է միանգամից համաձայնեցված որոշումների գալ, քանի որ ոչ ոք ոչ մեկի ձեռքերը չի ոլորում»,- ասել է նա «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Դիվանագետն ասել է, որ ՀԱՊԿ-ը չի ձգտում ընդլայնման, դուրս գալ այն տարածքից, որը գտնվում է իր պատասխանատվության գոտում, և չի պարտադրում պետությունների զարգացման և վարքագծի բաղադրատոմսեր։

«Այն իսկապես իրավահավասար, ինքնիշխան պետությունների համայնք է: Դա երբեմն ավելի է դժվարացնում որոշ որոշումների շուրջ համաձայնությունը, բայց միևնույն ժամանակ համահունչ է միջազգային հարաբերություններում մեր վարքագծի փիլիսոփայությանը։ Կարծում եմ, որ սա ապագայի փիլիսոփայությունն է, քանի որ այն պահանջված է աշխարհի պետությունների ճնշող մեծամասնության կողմից»,- ընդգծել է նա։

Նոյեմբերի վերջին Երևանում կազմակերպված ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպման համատեքստում Կոպիրկինը նշել է, որ տեղի է ունեցել բոլոր պետություններին հուզող հարցերի անկեղծ և կառուցողական քննարկում, այդ թվում՝ Հայաստանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ։

«Ոչ բոլոր որոշումներն են համաձայնեցվել, բայց գագաթնաժողովի արդյունավետությունը դրանից չի տուժել. ընդունվել են որոշումներ, որոնք իսկապես ուղղված են ՀԱՊԿ-ի կարողությունների և այն խնդիրների լուծման գործիքակազմի զարգացմանը, որոնց հետ բախվում են մեր պետություններտ, և որոնք ՀԱՊԿ-ի իրավասության շրջանակներում են»,- ասել է նա՝ հավելելով, որ աշխատանքները կշարունակվեն, և Ռուսաստանը ակտիվորեն կմասնակցի այդ աշխատանքներին։

Այս համատեքստում դեսպանը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել 2022 թվականին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը։

«Մենք բոլորս հիշում ենք պետությունների առաջին գործնական փոխգործակցությունը Ղազախստանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում, ինչը շատ լավ օրինակ է, որ մեր պետությունները կարող են համագործակցել և գործել բավականին վճռական: Եվ այստեղ մենք նշում ենք այն մեծ դրական դերը, որն այդ պահին խաղացել է Հայաստանի վարչապետը՝ որպես ՀԱՊԿ նախագահ»,- ասել է նա։

Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին

Նոյեմբերի 23-ին, ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների հիմնական քննարկումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան, հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»փաստաթղթեր՝ ընդգծելով, որ փաստաթուղթը բավականաչափ մշակված չէ։

Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։

Ավելի ուշ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ բոլոր մասնակիցները կարևորում են տարածաշրջանում խաղաղության հասնելը, և որ տարածաշրջանի երկրները գնում են խաղաղության պայմանագրի ստորագրման, գոյություն ունեցող սահմանների օրինականացման և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ճանապարհով։ Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվող քաղաքական, դիվանագիտական ​​և ռազմական միջոցառումների համալիրը ստացել է բոլոր պետությունների աջակցությունը։