Բավ է պառակտվել
30-09-2021 11:02

ԱՄՆ դեսպանը պատրատակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությանը․ “Սակայն իրավիճակը դեռևս հստակ չէ”

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին գնահատել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։

«Կողմերը պետք է դրա պատրաստակամությունն ունենան, և այդ պարագայում Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել, նպաստել հաշտեցման, երկխոսության ջանքերին, բայց կարևորագույնը, որ կողմերի մոտ այդ ցանկությունը, պատրաստակամությունը լինի: Այս առումով իրավիճակը դեռևս հստակ չէ: Մարդիկ նաև պետք է վստահություն ունենան հաշտեցման ջանքերի նկատմամբ, և մենք պատրաստ ենք մեր դիվանագիտական ջանքերը ուղղել դրան», - նշել է դեսպանը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը Թուրքիայի նախագահի հայտարարություններում հնարավորություն է տեսնում խոսել հարաբերությունների կարգավորման, հայ-թուրքական երկաթուղու և մայրուղիների գործունեության վերսկսման մասին: Փաշինյանը հայտարարել էր նաև «Թուրքիայից ստացվող դրական ազդակների» մասին՝ տարածաշրջանային խաղաղության համատեքստում: «Մենք կգնահատենք այս ազդակները և դրական ազդակներին կպատասխանենք դրական ազդակով», - ասել էր նա:

Իր հերթին, Էրդողանն ասել էր, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը` վերջինիս հաշտարար հայտարարությունների ֆոնին, և նա տեսնում է«դրական» ազդակներ:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակեց Հայաստանի հետ իր օդային և ցամաքային սահմանները:

Օդային սահմանը բացվեց 1995 թվականին՝ միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմից հրաժարում:

1991 թվականից ի վեր մի շարք փորձեր են արվել կարգավորել երկկողմ հարաբերությունները, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով: 2008 թվականի աշնանը ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հարաբերությունների կարգավորման գործընթացը։
2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։
Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հրաման ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցման մասին, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։
2017 թվականի սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում, Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի դրել որպես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման նախապայման, չնայած այն բանին, որ թուրքական կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման համար:

Սարգսյանը 2018 թվականի մարտի 1-ին ստորագրեց հրաման «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին