Բավ է պառակտվել
14-02-2022 19:13

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն աշխատում է բնականոն ռեժիմով․ ՀՀ ԱԳՆ

Ուկրաինայում հայկական դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են բնականոն ռեժիմով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը։

«Ուկրաինայում հայկական դիվանագիտական ներկայացուցչություններն
(Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»,- ասել է նա։

Մամլո քարտուղարը նշել է, որ նախարարությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացումներին:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը «կապված Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների շարունակվող սպառնալիքի հետ» կարգադրել էր Կիևում գտնվող իր դիվանագետների մեծ մասին լքել Ուկրաինայի տարածքը։ Ինչպես շաբաթ օրը բացատրեց ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, դեսպանատան աշխատակիցների մեծ մասի տարհանումը չի նշանակում դեսպանատան գործունեության կասեցում կամ փակում։ Պաշտոնյան ընդգծել է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը դադարեցնում է հյուպատոսական ծառայությունների մեծ մասը, իսկ ԱՄՆ-ն «սահմանափակ քանակությամբ շտապ հյուպատոսական ծառայություններ կտրամադրի Լվովից»:

Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը լրջագույն հետևանքներ կունենան։