Բավ է պառակտվել
04-10-2022 09:17

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է ադրբեջանցիների կողմից հայ գերիների սպանության տեսանյութից

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից, ասվում դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- ասել են դեսպանությունից։

Հոկտեմբերի 2-ին սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարված անզեն հայ զինվորականների գնդակահարության տեսանյութը։ Հայաստանի ՄԻՊ գրասենյակը հաստատել է տեսանյութի իսկությունը․ այս պատերազմական հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի Զինված ուժերի լայնածավալ հարձակման ժամանակ։ Այս արարքի կատարման տեղանքը, ռազմագերիներիը նույնականացվում են։