Բավ է պառակտվել
11-08-2020 15:35

Փաշինյանի շտապ շնորհավորանքը Լուկաշենկոյին ծիծաղելի է

Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայանը լքել է երկիրը։ Մի փոքր ավելի ուշ Լիտվայի արտգործնախարար Լինկյավիչյուսը հայտնեց, Սվետլանա Տիխանովսկայան ներկա պահին նա գտնվում է Լիտվայում և նրա անվտանգությունն ապահովված է։
Արդեն կեսօրին Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ հղեց, որում հաստատել էր, որ լքել է Բելառուսը: Տեսանյութում նա բացատրել է, որ մեկնել է իր երեխաների մոտ։
«Ես ինքս ինձ համար շատ բարդ որոշում եմ կայացրել: Ես երևի այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որ կայի ի սկզբանե»,-հայտարարել է Տիխանովսկայան` նշելով, որ դա իր անձնական որոշումն է եղել, որի վրա չեն ազդել ո՛չ ընկերները, ո՛չ հարազատները, ո՛չ էլ թիմակիցները:
Հիշեցնենք, որ Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա մեկ զոհ։
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով և թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը Լուկաշենկոյին մաղթել է առողջություն, հաջողություն, ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին խաղաղություն, կայունություն և բարգավաճում: Իսկ վարչապետն ընդգծել է, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործեն երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը:
Սակայն Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը ոչ միանշանակ է ընդունեվել։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանի շտապ շնորհավորանքը անընդունելի է համարել։ Վերջինս իր ՖԲ էջում գրել է. «Մի պետություն, որի վարչապետը շնորհավորում է բռնապետ Լուկաշենկոյին, ապա ոնց կարող է նույն արարքի համար քրեական հետապնդում իրականացնի Ռ. Քոչարյանի նկատմամբ: Սա արժեքների ու սկզբունքների կատարյալ անախրոնիզմ է..... Սա ուղղակի աբսուրդ է...»:

 

 

Արմինե Գևորգյան